Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անձնական օրագրերում ուշագրավ բացահայտումներ են հայտնաբերվել։ Դրանցում նա պատմում է սատանայի հետ երեք հանդիպումների, դժոխքի դարպասների տեսիլքի և սեփական իշխանության ու հոգևոր ուժի վերաբերյալ ունեցած ծանր կասկածների մասին։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անձնական օրագիրը» խորագրով գիրքը լույս է տեսել երեքշաբթի՝ հինգ լեզվով և տարածվել 94 երկրում։ Այն ներառում է Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ 1992-2024 թվականների օրագրային գրառումները, անձնական նշումներն ու փաստաթղթերը։
Գրառումները հայտնաբերել է արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը։ Դրանցից հատվածներ ավելի վաղ հրապարակել էին իտալական մի շարք լրատվամիջոցներ։
«Հիշում եմ երեք շատ կոնկրետ դեպք, երբ, անկասկած, սատանան ֆիզիկապես հայտնվեց ինձ»,-գրել է Ֆրանցիսկոսը՝ նշելով, որ այդ հանդիպումների ժամանակ սատանան իրեն նայել է կրակոտ աչքերով։
Սատանայի հետ երեք հանդիպումները
Առաջին հանդիպումը, ըստ Ֆրանցիսկոսի գրառումների, տեղի է ունեցել մոտ 15 տարի առաջ, երբ նա դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր։
«Ես նրան տեսա մեքենայի պատուհանից։ Չեմ կարող մոռանալ նրա սպառնալից և միաժամանակ գայթակղիչ հայացքը»,-գրել է նա։
Երկրորդ հանդիպումը, որը նույնպես տեղի է ունեցել Արգենտինայում, նրա նկարագրությամբ, ավելի սարսափելի էր։
«Նա նայեց ինձ կրակոտ աչքերով։ Երբեք չեմ մոռանա այդ հայացքը։ Դրանք կրակի ճառագայթների էին նման։ Հետո նա փորձեց մոտենալ ինձ, և ես փախա՝ ամուր բռնելով վարդարանս ու կանչելով Սուրբ Կույս Մարիամին։ Մարիամն ինձ փրկեց»,-պատմել է Ֆրանցիսկոսը։
Երրորդ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարին, երբ նա արդեն կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էր։
«Մի հանդիպման ժամանակ ես տեսա նրան և լսեցի նրա ձայնը՝ հաղթական ու հրամայական, կարծես ամեն ինչի տերը լիներ։ Նա ասաց. «Հիմա ես ունեմ այն ամենը, ինչ ուզում էի»։ Չեմ կարող մոռանալ նրա ձայնի հզոր, խռպոտ հնչերանգը։ Տերն ինձ հնարավորություն տվեց հեռանալ այդ հանդիպումից, և այդպես ես ազատվեցի»,-գրել է պապը։
Կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսի խոսքով՝ 2021-2022 թվականները Ֆրանցիսկոսի համար հոգևոր ծանր փորձությունների շրջան են եղել։ Նրա փոխանցմամբ՝ պապը պայքարում էր իշխանության գայթակղության դեմ և վախենում էր հատել այն սահմանը, որը ինքն ընկալում էր որպես դիվային շեմ։
Կարդինալը խոստովանել է, որ սկզբում տատանվում էր հրապարակել անձնական գրառումները՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են ցնցել մարդկանց։
Ֆրանցիսկոս պապի անձնական օրագրերի հրապարակումը նոր լույս է սփռում նրա ներաշխարհի, հոգևոր ապրումների և այն ներքին պայքարի վրա, որի մասին նա կենդանության օրոք հրապարակայնորեն չէր խոսել։
armradio.am