Ինչո՞ւ է Հայաստանին պետք զարգացած ֆուտբոլ


Սպորտ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանը սկսում է ներկայացնել հայկական ֆուտբոլի զարգացման իր թիմի ծրագիրը։

Ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև․«Ինչո՞ւ է Հայաստանին պետք զարգացած ֆուտբոլ

Ֆուտբոլը միայն հավաքականը չէ։ Այն ազգի առողջությունն է և երկրի անունն աշխարհում։

Հազար երեխայից պրոֆեսիոնալ են դառնում մի քանիսը, բայց մնացածը հեռու են մնում փողոցից, սովորում են թիմում աշխատել և մեծանում են առողջ։

Վրաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշի 154-րդ տեղից հասավ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ։ Հայաստանն այսօր 110-րդն է, թեև ժամանակին 30-րդն էր։

Մեր բնակչության 63%-ն ապրում է մարզերում, բայց այնտեղ շատ երեխաներ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն չունեն։ Շիրակի մարզում երեխաների 52%-ն ապրում է աղքատության գծից ցածր։ Նրանց համար տան մոտ անվճար ֆուտբոլն է միակ հնարավորությունը։

Սա շտկելի է, եթե համակարգ կառուցենք՝ դաշտեր յուրաքանչյուր մարզում, համապատասխան լիցենզիա ունեցող մարզիչներ և ակումբներ, որոնց ձեռնտու է սեփական սաներ պատրաստել։

Որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ սկսում եմ ներկայացնել մեր թիմի ծրագիրը։ Առաջիկա օրերին կգործարկվի կայք, որտեղ ծրագիրը կներկայացվի համակարգված, ամբողջական և պատկերավոր»,- գրել է Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել երկրպագուական վեց շարժումներ, ինչից հետո նա երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը Երևանի «Արարատ-Արմենիայի» հետ՝ լքելով մարզչական շտաբը։ Ղազարյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Գյումրիի «Շիրակ» ակումբը, իսկ նրա նախաձեռնությանն արդեն միացել կամ հրապարակային աջակցություն են հայտնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացողներ Ռոբերտ Արզումանյանը, Ռոման Բերեզովսկին և Լևոն Պաչաջյանը։

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին։ Ղազարյանից բացի՝ ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է նաև «Սյունիք» ակումբի կողմից առաջադրված Դենիս Ջորկաեֆը։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *