Կրիպտոակտիվներով 5 մլն դրամից բարձր գործարքները ենթակա կլինեն պարտադիր տեղեկացման. նոր նախագծի մանրամասները

Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի, ինչպես «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։ Կենտորանական բանկից BanksNews-ին տեղեկացնում են, որ որոշվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված ֆինանսական հաստատությունների կողմից կրիպտոակտիվով գործարքների առնչությամբ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը և ժամկետները» որոշման նախագիծը:

Նախագիծը մշակել է Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը՝ հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։

Նախագծով սահմանվում են կրիպտոակտիվով գործարքների առնչությամբ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման ձևը, կարգը և ժամկետները։

ԿԲ-ից հայտնում են, որ նախագծի ընդունմամբ նախատեսվում է՝

  • կրիպտոակտիվներով գործարքների վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոնին կտրամադրվեն մեկ միասնական ձևով՝ հաշվի առնելով կրիպտոակտիվներով գործարքներին բնորոշ կետերը բոլոր ֆինանսական հաստատություններին միասնական ձևով հասանելի դարձնելու անհրաժեշտությունը,
  • Նախագծով սահմանված կրիպտոակտիվով ծառայություններ մատուցող անձինք Ֆինանսական դիտարկումների կենտրոնին կտրամադրեն 5 միլիոն դրամին հավասար կամ գերազանցող կրիպտոակտիվով (այդ թվում՝ արժեթղթերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվով) գործարքների վերաբերյալ հաշվետվություններ,
  • ֆինանսական հաստատությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոնին կտրամադրեն սեփական կարիքների համար կատարվող կրիպտոակտիվով գործարքների վերաբերյալ հաշվետվություններ, եթե գործարքի գումարը հավասար է կամ գերազանցում է 20 միլիոն դրամը։

Կենտրոնական բանկը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց Նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ. դեկտեմբերի 11-ը։ Դիտարկումներն ու առաջարկությունները պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *