ԲՈւՀ-երի ընդունելության կարգը կփոխվի. նոր նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է մի շարք առանցքային փոփոխություններ կատարել բուհական համակարգում։

BanksNews.am-ը ներկայացնում է գլխավոր փոփոխությունները:

  • Ընդունելության շեմի նվազեցում. Առաջարկվում է վերացնել բուհերի ընդունելության առաջին շրջափուլի համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատական ունենալու պարտադիր պահանջը։ Փոխարենը բավարար կլինեն այդ առարկաներից դրական գնահատականները։ Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ գործող բարձր շեմը սահմանափակում է դիմորդների հնարավորությունները՝ հատկապես սպորտի և արվեստի ոլորտներում, որոնք ուղղակիորեն կապված չեն մաթեմատիկայի կամ լեզվաբանության հետ։ Նվազագույն շեմերը կսահմանի կառավարությունը, իսկ մրցույթի չափանիշները՝ բուհերը։
  • Լիցենզավորման և վերահսկողության տարանջատում. Լիցենզավորման վերաբերյալ որոշումները կկայացնի կրթության լիազոր մարմինը (ԿԳՄՍՆ), որակի ապահովման մասնագիտացված կառույցը կիրականացնի միայն փորձագիտական գնահատում, իսկ լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկողությունը կփոխանցվի կրթության տեսչական մարմնին։
  • Ժամկետների հետաձգում. Մինչև 2028 թվականը կհետաձգվեն հանրային բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման, ինչպես նաև լրիվ ու մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպման կարգավորումների ներդրման ժամկետները՝ անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման պատճառով։

Նախագծերի ընդունումը պետական և համայնքային բյուջեների վրա լրացուցիչ ֆինանսական ազդեցություն չի ունենա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *