ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվելու է սույն թվականի նոյեմբերի 27-ին։ Հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել ս.թ. հոկտեմբերի 19-ին, գրում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Գրեթե տասը տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չեմ հանդիպել դեպքի, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները քննության առնվեն նման ռեակտիբվ արագությամբ։
Մտահոգիչ է այն, որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։
Այս հանգամանքների համակցությունը պաշտպանության կողմին լուրջ հիմքեր է տալիս մտահոգվելու, որ նման բացառիկ արագությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի որոշման կայացման անհրաժեշտությամբ, որը կխոչընդոտի Դավիթ Համբարձումյանի՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը»,– նշել է փաստաբանը։