Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի պաշտոնավարման շրջանում համայնքային բյուջեից շուրջ 28 մլն դրամ է ուղղվել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայություններին։

Ուշագրավ է, որ նշված վճարումները կատարվել են 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ նախընտրական շրջանում։

Խոսքը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի և համայնքի բնակավայրերի այգիների, մանկապարտեզների ու բակերի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման ծառայությունների մասին է։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տվյալների՝ համայնքային բյուջեից կատարվել են հետևյալ վճարումները։

25.09.2026 – 3 870 600 դրամ

30.09.2026 – 3 710 000 դրամ

30.09.2026 – 1 870 000 դրամ

30.09.2026 – 7 385 000 դրամ

30.09.2026 – 7 180 000 դրամ

06.10.2026 – 883 000 դրամ

06.10.2026 – 882 000 դրամ

06.10.2026 – 3 000 000 դրամ

Ընդհանուր՝ 28 780 600 դրամ կամ մոտ 77 հազար ԱՄՆ դոլար։

Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այդքան մեծ ծավալի խորհրդատվական ծառայությունների պատվիրումը նախընտրական շրջանում, ի՞նչ աշխատանքներ են իրականում կատարվել, արդյո՞ք դրանց արդյունքները համապատասխանում են վճարված գումարներին։

Համայնքային բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունն ու թափանցիկությունը հանրային վերահսկողության կարևոր հարցեր են։ Հատկապես երբ խոսքը նախընտրական շրջանում կատարված միլիոնավոր դրամների վճարումների մասին է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *