Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել երկրի քաղաքացիներին պատրաստվել դժվար որոշումների և պետական ծախսերի կրճատման՝ հայտարարելով, որ պետությունը այլևս չի կարող ֆինանսավորել այն ամենը, ինչին քաղաքացիները սովորել են վերջին տարիներին։
Բունդեսթագում ելույթ ունենալով՝ Մերցն ասել է, որ անհրաժեշտ է համաձայնության գալ, թե ապագայում ինչ ծախսեր են ֆինանսավորվելու, իսկ ինչից պետք է հրաժարվել։
Հայտարարությունն արել է 2027 թվականի դաշնային բյուջեի քննարկման ընթացքում։ Կանցլերը նշել է, որ պետական պարտքի բարձր մակարդակն ու ծախսերի աճը սահմանափակում են առաջիկա տարիների ֆինանսական հնարավորությունները։ Նրա խոսքով՝ Գերմանիան պետք է ավելի իրատեսորեն գնահատի իր հնարավորությունները, հակառակ դեպքում ապագա սերունդները չեն ունենա ինքնուրույն որոշումներ կայացնելու բավարար ֆինանսական միջոցներ։
Միաժամանակ Մերցը պաշտպանել է բյուջեի նախագիծը, որը նախատեսում է շուրջ 560 մլրդ եվրոյի ծախսեր և 210 մլրդ եվրոյի նոր փոխառություններ։ Նա ընդունել է, որ փաստաթղթի պատրաստումը հեշտ չի եղել, սակայն ստեղծված պայմաններում դրա վերջնական տարբերակը համարել է ընդունելի։
Կանցլերն ընդգծել է, որ տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ կամ երկու բյուջեով՝ կոչ անելով արագացնել բարեփոխումները, այդ թվում՝ սոցիալական ոլորտում։ Սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ նպաստներն ու պետական ծառայությունները կարող են կրճատվել։