Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում ճանապարհին ջրի կուտակման հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ մերկասառույցի պատճառով բախվել են 2 «Hyundai Elantra»-ն, «Saturn Vue XE»-ն, «Dongfeng» բեռնատարը և «Nissan Latino»-ն, վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել Հրազդան գետի ափին։Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային։