Ես Փարաստուն եմ՝ մի աղջիկ, որը ցանկանում է երգել իր սիրելի մարդկանց համար


Անապատ, հին քարավանատուն և դատարկ բակ։ 2024-ի դեկտեմբերին այստեղ՝ այդ հնամենի կառույցի բակում, իրանցի երգչուհի Փարաստու Ահմադին ելույթ է ունենում՝ առանց հանդիսատեսի։ Տեսախցիկի առջև միայն նա էր ու չորս երաժիշտ։ Երգչուհու կատարումը ուղիղ եթերով ցուցադրվեց YouTube-ով, իսկ տեսանյութը հետագայում ավելի քան 3 միլիոն դիտում ունեցավ։ Այն սկսվում է երգչուհու հետևյալ խոսքերով․ «Ես Փարաստուն եմ՝ մի աղջիկ, որը ցանկանում է երգել իր սիրելի մարդկանց համար։ Սա իրավունք է, որից չէի կարող հրաժարվել։ Երգել այն երկրի համար, որը սիրում եմ»։

Համերգից օրեր անց երգչուհին ու երաժիշտները ձերբակալվեցին։ Երկարատև դատաքննությունն ավարտվեց գրեթե երկու տարի անց։ Այս տարվա հունիսին դատարանը համերգի տեսանյութը որակեց հանրային պարկեշտության և բարոյականության նորմերը խախտող բովանդակություն։ Վճիռը՝  մտրակի 74 հարված երգչուհու և նրան նվագակցող երաժիշտների համար։ Բացի մտրակահարությունից, երկու տարով նրանց արգելվեց զբաղվել երաժշտությամբ և հեռանալ երկրից։

Դատարանի վճիռը լայն արձագանք ունեցավ միջազգային մամուլում։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները չեն արձագանքել դեպքի վերաբերյալ իրենց հարցմանը։ Երգչուհու փաստաբան Մոստաֆա Նիլին հայտնել է, որ պատիժն իրականացվել է Քոմ քաղաքի դատախազության պատժի կատարման բաժնում․

«Փարաստու Ահմադիի և նրա համերգային տեսանյութի ստեղծման աշխատանքներին մասնակցած չորս անձանց նկատմամբ նշանակված 74 մտրակի պատիժն այսօր իրականացվել է»։

Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և լրատվամիջոցների՝ Ահմադիի պատմությունը միայն մեկ երգչուհու նկատմամբ դատավճիռ չէ։ Այն վերաբերում է նաև Իրանում կանանց հանրային ներկայության և ստեղծագործական ազատության սահմանափակումներին։ Ըստ մամուլի հրապարակումների՝  Իրանի օրենքներով կանայք պետք է գլխաշոր կրեն, իսկ նրանց հանրային ելույթները  խիստ սահմանափակված են։ Ըստ այդմ՝ Ահմադիի համերգը այդ սահմանափակումների ակնհայտ խախտում է համարվում՝ երգչուհին հանդես է եկել առանց գլխաշորի, տղամարդ երաժիշտների հետ և առանց հանդիսատեսի։

Այս դեպքն առանձնահատուկ արձագանք է ստացել նաև Իրանի կանանց շրջանում։ CBS News-ի հետ զրույցում Թեհրանի բնակչուհի Թորայան համերգի և պատժի մասին խոսելիս շեշտել է, որ խնդիրը միայն մեկ արտիստի ճակատագրին չի վերաբերում․

«Ոչ մի պետություն իր քաղաքացիների ձայների տերը չէ։ Երգելը հանցանք չէ։ Ոչ մի պետական իշխանություն չպետք է ստեղծագործական ազատությունը պայմանավորի քաղաքական հնազանդությամբ։ Ես համերաշխ եմ Փարաստուի հետ, և դա, նախևառաջ, մարդկային համերաշխություն է, ոչ թե քաղաքական»։

Նոյեմբերի 25-ը՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, այս պատմությունն առանձնակի արձագանք է ստացել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում։ Ըստ միջազգային նորմերի՝  բռնությունը միայն ֆիզիկական ներգործությունը չէ։ Այն նաև կնոջ ազատության ու արժանապատվության սահմանափակումն է՝ տանը, աշխատավայրում, համացանցում և հանրային կյանքում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը դատապարտել է Ահմադիի և նրա խմբի նկատմամբ իրականացված պատիժը։

«Մտրակահարությունը խոշտանգման կամ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ պատժի ձև է, որն առանց բացառության արգելված է միջազգային իրավունքով։ Իրանը պետք է ձեռնպահ մնա մտրակահարության  և այլ պատիժներ իրականացնելուց և այդ պրակտիկան վերացնի իր օրենքներից»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս տարվա ուղերձում ևս ընդգծել է, որ միայն օրենքները բավարար չեն բռնության դեմ պայքարում։ Անհրաժեշտ է, որ դրանք կիրառվեն, տուժածները պաշտպանվեն, իսկ բռնարարներն ու պատասխանատու կառույցները պատժվեն։ Այս պահանջներով էլ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, անցկացվում է բռնության դեմ պայքարի 16-օրյա միջազգային արշավ։

armradio.am


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *