ABC Media-ն նկատել է, որ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նոր Սահմանադրության նախագիծը ներկայացված է ոչ թե որպես նախագիծ, այլ «Նոր Սահմանադրություն» անվանմամբ։ Ընդգծենք, որ այն դեռևս նախագիծ է, և պետք է անցնի ընդունման սահմանված ընթացակարգերը։
Նոր Սահմանադրություն ընդունելու համար նախ անհրաժեշտ է, որ նախագիծը ստանա Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի հավանությունը, ապա դրվի հանրաքվեի։ Հանրաքվեում քաղաքացիների հավանությանն արժանանալու դեպքում այն կընդունվի և օրենքով սահմանված կարգով կհրապարակվի։
Սակայն խորհրդարանում նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ձայների հարցը դեռ լուծված չէ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայները բավարար չեն, իշխանությանն անհրաժեշտ է ընդդիմությունից 6 ձայն։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները մերժել են առաջարկը և հայտարարել, որ դեմ են նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։
Այսպիսով, փաստաթղթի հետագա ընթացքը կախված է ոչ միայն հանրային քննարկումներից, այլև խորհրդարանում անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն ապահովելու հնարավորությունից։