Ռուսաստանի և Իրանի շահերը պետք է հաշվի առնվեն․ Զախարովան՝ TRIPP նախագծի մասին

Ռուսաստանի և Իրանի շահերը պետք է հաշվի առնվեն TRIPP նախագիծն իրականացնելիս։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս նախագիծը չպետք է տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծի։ Հակառակ դեպքում այս տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման», – ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ առայժմ պատասխաններից շատ հարցեր կան։ Մինչ օրս չեն հրապարակվել նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերն ու ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները։

Զախարովայի ընդգծմամբ՝ ըստ էության, «Թրամփի ուղին» մեծ մասամբ կրկնում է այն աշխատանքները, որոնք նախորդ տարիներին իրականացվել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։

Նա հիշեցրել է, որ այն ժամանակ խոսքը ոչ միայն Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տարանցիկ հաղորդակցության կազմակերպման, այլև հայկական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակման մասին էր՝ դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելքով։

Սակայն, ցավոք, ինչպես նշել է ռուս դիվանագետը, Երևանը 2023 թվականին սառեցրել է իր մասնակցությունը եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *