Մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2026 թվականի հունիս Մեծ Բրիտանիայում միգրացիայի զուտ ցուցանիշը նվազել է մինչև 77 հազար մարդ՝ հասնելով 1997 թվականից ի վեր ամենացածր մակարդակին, եթե հաշվի չառնենք COVID-19 համավարակի շրջանը։ Դրա մասին BBC News-ը հայտնում է՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության (ONS) տվյալները։
Մինչև 2023 թվականի մարտն ընկած մեկ տարվա ընթացքում գրանցված ռեկորդային՝ 944 հազար մարդու համեմատ ցուցանիշը նվազել է 92%-ով։ Մինչև հունիսն ընկած 12 ամսվա ընթացքում երկիր է ժամանել շուրջ 738 հազար մարդ, իսկ երկրից մեկնել է 661 հազարը։
Վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ իշխանությունները միգրացիոն համակարգի նկատմամբ հասել են «վերահսկողության բավարար մակարդակի»։ Ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը նույնպես միգրացիայի զուտ ցուցանիշի նվազումը լեյբորիստական կառավարության աշխատանքի արդյունք է համարել։ Սակայն պահպանողականների ներկայացուցիչ Քրիս Ֆիլփը պնդում է, որ այն իր կուսակցության՝ 2024 թվականի ընտրություններից առաջ սահմանած վիզային սահմանափակումների հետևանքն է։
Նվազման հիմնական գործոններն են դարձել աշխատանքային ներգաղթյալների թվի կրճատումը 45 հազարով, ապաստան հայցողների թվինը՝ 19 հազարով, իսկ օտարերկրյա ուսանողներինը՝ 33 հազարով։ Փոփոխությունները կապում են վիզային կանոնների խստացման հետ, որը սկսել էին պահպանողականները, իսկ 2024 թվականի հուլիսից հետո շարունակել են լեյբորիստները։
Մինչև հունիսն ընկած մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում ապաստան է խնդրել շուրջ 73 հազար մարդ՝ նախորդ տարվա 93 հազարի դիմաց։ Սեպտեմբերի դրությամբ իրենց դիմումների վերաբերյալ որոշման սպասողների թիվը նվազել է 49%-ով՝ հասնելով 41 հազարի։ Իշխանությունները դա բացատրում են դիմումների քննության արագացմամբ և ապօրինի ուղիներով, այդ թվում՝ փոքր նավակներով Լա Մանշով ժամանողների թվի նվազմամբ։
Սեպտեմբերին ՆԳՆ-ի՝ ապաստան հայցողներին տրամադրած կացարաններում բնակվում էր 93 հազար մարդ՝ նախորդ տարվա համեմատ 16%-ով պակաս։ Հյուրանոցներում տեղավորված ներգաղթյալների թիվը նվազել է 64%-ով՝ հասնելով 13 հազարի։
Օքսֆորդի համալսարանի փորձագետ Բեն Բրինդլը նշել է, որ միգրացիայի զուտ ցուցանիշը կարող է շարունակել նվազել երկրից մեկնողների մեծ թվի պատճառով․ նրանցից շատերը ժամանել են ռեկորդային ներհոսքի տարիներին։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ ներկայիս նվազումը կարող է ժամանակավոր լինել։
Reform UK կուսակցության ներկայացուցիչ Զիա Յուսուֆը հայտարարել է, որ նոր ցուցանիշները տոնելու առիթ չեն տալիս՝ միգրացիան կապելով առողջապահության, բնակարանային շուկայի և բանտերի ծանրաբեռնվածության հետ։ Լիբերալ-դեմոկրատները կոչ են արել մշակելու միգրացիոն լիարժեք ծրագիր, իսկ Կանաչների կուսակցությունն ընդգծել է, որ միգրանտների և ապաստան հայցողների համար պայմանների խստացումը չի կարելի հաջողություն համարել։