Բաթումիի «Batumi Arena» մարզադաշտում զանգվածային բախումներ են տեղի ունեցել թուրքական «Բեշիքթաշ» և իսրայելական «Հափոել» ֆուտբոլային ակումբների միջև հանդիպման ժամանակ։
Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ վրացի ոստիկանները «Բեշիքթաշի» երկրպագուներից առգրավել են Պաղեստինի դրոշները։ Հաղորդվում է, որ թուրք երկրպագուների դեմ կիրառել են մահակներ և արցունքաբեր գազ։
Թուրքիայի սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքը դատապարտել է վրացի իրավապահների գործողությունները և հայտարարել, որ Անկարան շարունակելու է պաշտպանել թուրք երկրպագուների իրավունքները։
«Ես վճռականորեն դատապարտում եմ Վրաստանի անվտանգության ուժերի անհամաչափ միջամտությունը մեր երկրպագուների նկատմամբ», – ընդգծել է նախարարը։
Նշենք, որ հանդիպումը բախումների պատճառով դադարեցվել, ապա վերսկսվել էր 27-րդ րոպեին։
Եվրոպա լիգայի այս հանդիպումն անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիայից տեղափոխվել էր Բաթումի։