Կլիմայի փոփոխությունը կարող է անսպասելի արդյունքի հանգեցնել. մինչև 2080 թվականը Մեծ Բրիտանիայում սապսանների՝ աշխարհի ամենաարագ կենդանիների բնակության համար պիտանի տարածքները կարող են ընդլայնվել 73,5%-ով։
Միևնույն ժամանակ որոշ այլ գիշատիչ թռչունների, դրանց թվում՝ սպիտակապոչ արծիվների համար պայմանները, ընդհակառակը, կարող են զգալիորեն վատթարանալ։ Այս եզրակացություններին է հանգել Նոթինգհեմի համալսարանի հետազոտող Քոնոր Պանտերը՝ Frontiers in Ecology and Evolution ամսագրում հրապարակված իր աշխատանքում։
Գիտնականը գնահատել է, թե կլիմայի փոփոխությունն ինչպես կազդի Մեծ Բրիտանիայում բազմացող գիշատիչ թռչունների 16 տեսակի կենսամիջավայրի պայմանների վրա։ Դրա համար նա օգտագործել է կլիմայական երկու մոդել՝ ջերմոցային գազերի չափավոր և բարձր արտանետումների սցենարներով։
Կանխատեսումներով՝ արտանետումների բարձր մակարդակի դեպքում մինչև 2080 թվականը սապսանների համար պիտանի տարածքների մակերեսը ներկայիս 110,3 հազարից կհասնի 191,3 հազար քառ. կմ-ի։ Չափավոր սցենարի դեպքում մինչև 2060 թվականն այն կարող է աճել 40,6%-ով։ Պիտանի տարածքների ընդլայնումը կարող է թռչուններին հնարավորություն տալ բազմացման նոր վայրեր յուրացնելու, սակայն ինքնին չի երաշխավորում պոպուլյացիայի աճը. դրա համար անհրաժեշտ են բնապահպանական միջոցառումներ։
Բարենպաստ փոփոխություններ են կանխատեսվում նաև այլ տեսակների համար։ Մինչև 2080 թվականը մարգագետնային մկնաճուռակների համար պիտանի տարածքների մակերեսը բարձր արտանետումների դեպքում կարող է աճել 41%-ով։ Տարածման արեալի ընդլայնում է սպասվում նաև քարարծիվների, տնային բվիկների, ականջավոր բվերի, գոմեշաբվերի և ճահճային մկնաճուռակների համար։
Սակայն տաքացման հետևանքները տարբեր տեսակների համար միատեսակ չեն լինի։ Հատկապես մեծ վնաս կարող է կրել սպիտակապոչ արծիվը. բարձր արտանետումների դեպքում մինչև 2080 թվականը Մեծ Բրիտանիայում նրա համար պիտանի տարածքների մակերեսը կարող է կրճատվել 97,2%-ով՝ ներկայիս 2306-ից հասնելով ընդամենը 65 քառ. կմ-ի։ Պիտանի կենսավայրերի կրճատում է կանխատեսվում նաև ճահճային բվերի, կարմիր ցիների, ճուռակաբազեների և ցախաքլորաորս բազեների համար։ Սովորական ճուռակների, լորաճուռակների և մոխրագույն անտառաբվերի համար էական փոփոխություններ չեն սպասվում։
Գիշատիչ թռչունները կարևոր դեր են խաղում էկոհամակարգերում՝ կարգավորելով մանր կաթնասունների թվաքանակը և նպաստելով կենսաբազմազանության պահպանմանը։ XX դարի կեսերին նրանց բազմաթիվ տեսակների թվաքանակը կտրուկ նվազել է քլորօրգանական միջատասպանների լայն կիրառման հետևանքով, որոնք կուտակվում էին թռչունների օրգանիզմներում։ Եվրամիությունում այդ նյութերի արգելումից հետո՝ 1970-ականների կեսերից, բազմաթիվ գիշատիչների թվաքանակը սկսել է վերականգնվել։
Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայում սապսանները շարունակում են սպառնալիքների բախվել։ Բրիտանական թռչնաբանական հիմնադրամի գնահատմամբ՝ 1995-ից մինչև 2024 թվականը բնադրող պոպուլյացիայի թվաքանակը նվազել է 57%-ով։ Պատճառների թվում են թռչունների ապօրինի հետապնդումը, կերային բազայի նվազումը և թռչնագրիպը։ Ներկայում երկրում հաշվվում է մոտ 1750–1800 զույգ սապսան։
Պանտերն ընդգծել է, որ գիշատիչ թռչուններին պահպանելու համար անհրաժեշտ է պայքարել ապօրինի որսի, բռնման և թունավորման դեմ, ինչպես նաև նվազեցնել էլեկտրահաղորդման գծերի և հողմատուրբինների հետ բախումների վտանգը։ Կարևոր դեր ունի բնական կենսավայրերի, էկոլոգիական միջանցքների և կերային բազայի պահպանումը։ Գիտնականը նաև բնակիչներին կոչ է արել մասնակցելու վայրի բնության դիտարկման ծրագրերին, օրինակ՝ iNaturalist-ին՝ հետազոտողներին օգնելով հետևելու տեսակների տարածման փոփոխություններին։