Անկարգություններ՝ Բաթումիում. թուրքական «Բեշիքթաշի» հազարավոր երկրպագուներ ողողել են քաղաքի փողոցները (տեսանյութ)

Թուրքական «Բեշիքթաշի» հազարավոր երկրպագուներ երեկ լցրել էին Բաթումիի փողոցները, որտեղ էլ նրանց կողմից անկարգություններ էին տեղի ունեցել. երկրպագուների ու ոստիկանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:

Վրաստանում Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ քաղաքի կենտրոնում անվտանգության միջոցառումները խստացվել էին, մոբիլիզացվել էին նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ։

Բաթումիում երեկ կայացել է Եվրոպա լիգայի հանդիպումը թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոելի» (Բեեր-Շևա) միջև։

Հանդիպումը նախապես նախատեսված էր անցկացնել Ստամբուլում, սակայն Թուրքիայի իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով ՈւԵՖԱ-ին տեղեկացրել են խաղը հյուրընկալելու անհնարինության մասին:

Արդյունքում որոշում էր կայացվել հանդիպումը տեղափոխել չեզոք երկիր՝ Վրաստան: Միևնույն ժամանակ որոշվել էր խաղը չանցկացնել փակ տրիբունաներով, և երկրպագուներին թույլատրվել էր ներկա գտնվել հանդիպմանը։

Հատկանշական է, որ Բաթումի հասնելու ճանապարհին անսովոր միջադեպի է բախվել նաև «Բեշիքթաշի» ֆուտբոլային պատվիրակությունը։ Թիմը տեղափոխող ինքնաթիռը թռիչքի ընթացքում հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, իսկ օդանավին հարվածել է կայծակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *