Գավառի արվեստի և երաժշտական դպրոցի սաները մրցանակներով են վերադարձել


Մշակույթ


Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի և Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները մրցանակներով են վերադարձել հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոններից։

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի երգեցողության և պարարվեստի բաժինների սաները վերջերս մասնակցել են միջազգային և հանրապետական մրցույթ-փառատոնների և մրցանակային տեղեր զբաղեցրել։

«Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Global Art Fest» միջազգային մրցույթ-փառատոնին դպրոցի «ժողովրդական երգեր» բաժնի սաներից 1-ին տեղի մրցանակի է արժանացել Սամվել Եդոյանը՝ կատարելով  Շերամի «Փնջլիկ-մնջլիկ» երգը։

2-րդ տեղի մրցանակների են արժանացել Մհեր Բարսեղյանը՝ Ալեքսեյ Հեքիմյանի «Գարուն է գալիս», Նարե Գասպարյանը՝ Սայաթ-Նովայի «Դուն էն հուրին իս» և «Հայրենիքի ձայնը» համույթը՝ Շահենի «Ալմաստը շողում է» երգերի կատարմամբ։

Մրցանակակիրները և դպրոցի երգեցողության բաժնի ուսուցիչ Գրիգոր Բալագոզյանը պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով։

Դպրոցի պարարվեստի բաժնի Հովհաննես Հասասյանի դասարանի սաներն էլ «Գնչուական» պարով մասնակցել են «Tom Art Production»-ի կողմից կազմակերպած հանրապետական մրցույթ֊ փառատոնին և արժանացել «Super Grand Prix մրցանակի»։

«Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպած «Նազանք» բազմաոճ պարի մրցույթի-փառատոնին էլ պարային համույթը «Ուզունդարա» պարով արժանացել է 2-րդ տեղի մրցանակի։

Դպրոցին հանձնվել է դիպլոմ, պարային համույթին՝ գավաթ, իսկ մասնակիցներին՝ վկայականներ։

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների  համույթը վերջերս մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Հին մայրաքաղաքի նոր պատմությունները-2026» մրցույթ-փառատոնին և արժանացել «GRAND PRIX» մրցանակի։

Դհոլահարներին, գեղարվեստական ղեկավար Յուրիկ Բուդաղյանին և Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցին տրվել են դիպլոմներ և մեդալներ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *