Նրանք, ովքեր ուրախանում են ինձ կալանավորելու լուրով, վերջում մեծ հիասթափություն են ապրելու․ Դավիթ Համբարձումյան

«Մեր կյանքում ոչինչ չի փոխվել, և այն մարդկանց, որոնք փորձում են մի փոքր առաջ ընկնել, պետք է հիասթափեցնեմ ․ «Կառուցող» դաշինքը՝ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ, շարունակելու է ընտրապայքարը։ Վստահ եմ, որ մասիսցին իր քվեն տալու է հենց «Կառուցող» դաշինքին»,– հայտարարել է Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

Նա ընդգծել է, որ իրեն վերագրվող հանցանքն ինքը չի գործել։

«Մենք շարունակում ենք մեր պայքարը։ Նրանք, ովքեր ժամանակից շուտ ուրախանում են ինձ կալանավորելու լուրով, չարաչար սխալվում են և վերջում մեծ հիասթափություն են ապրելու։

Ես չեմ մասնակցելու պայքարին, որովհետև արդեն իսկ դատապարտված և ազատազրկված եմ լինելու, բայց հոգով և սրտով գտնվելու եմ Մասիսում»,– ասել է Համբարձումյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանին ազատազրկել են ՏԻՄ ընտրությունների նախաշեմին։

Դատախազությունից ավելի վաղ հայտնել էին․

«Վճռաբեկ դատարանը 2026 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Դավիթ Համբարձումյանի մասով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով նրա մասով Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ է տվել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին։

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար նշանակված 6 տարի 3 ամիս ազատազրկմանը հաշվակցվել է անազատության մեջ գտնվելու 10 ամիս 12 օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *