«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ամիսներ շարունակ ռուսական շուկայի հետ կապված խնդիրների լուծման մասին հայտարարություններ անող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնվել է փակուղում։ Նա անկարող է իր մակարդակի բանակցություններով կամ հանդիպումներով հայկական ապրանքների՝ ՌԴ արտահանման սահմանափակումները վերացնել, նա փաստացի սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Հայաստանի տնտեսության համար կարևորագույն հարցերից մեկը՝ հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումների վերացումը, այդպես էլ լուծում չի ստանում ամիսներ շարունակ։ Մինչդեռ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ամիսներ շարունակ հանրությանը վստահեցնում էր, թե բանակցություններ են ընթանում, հանդիպումներ են նախատեսվում, և հարցը հնարավոր է կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում։ Սակայն նոյեմբերի վերջին արդեն պարզվեց, որ նախարարի ներկայացրած բանակցային գործընթացը դեռևս չի ապահովել անհրաժեշտ արդյունքը։
Սկզբում նախարարը հայտարարում էր, որ մեկնելու է Մոսկվա, մասնակցելու է քննարկումների և հանդիպելու է գործընկեր նախարարների հետ։ Սակայն նոյեմբերի 18-ին պարզվեց, որ նախարարական մակարդակով նախատեսված հանդիպումը չի կայանալու։ Պապոյանի պարզաբանմամբ՝ երկու գործընկեր նախարարներ չեն կարողացել մասնակցել, ուստի հանդիպումը չեղարկվել է։ Փոխարենը Մոսկվա է մեկնել փոխնախարար Տիգրան Գասպարյանը։
Բայց սա դեռ ամենը չէ։
Նոյեմբերի 26-ին Պապոյանը նոր հայտարարություն արեց, որն, ըստ էության, բացահայտեց, թե ինչ իրավիճակում է հայտնվել հայկական կողմը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում Հայաստանի ներկայացրած առաջարկն ընդունելու համար անհրաժեշտ է 10 ձայնից առնվազն 7-ը, մինչդեռ այս պահին Հայաստանը ունի ընդամենը 6 կողմ ձայն։ Այսինքն՝ 1 ձայն պակասում է։
Ստացվում է՝ ամիսներ շարունակվող բանակցություններից հետո անգամ անհրաժեշտ աջակցությունը դեռ ապահովված չէ։
Ավելին՝ նախարարն արդեն հայտարարում է, որ հայկական կողմը փոխում է ռազմավարությունը և պատրաստվում է դիմել ԵԱՏՄ դատարան՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Սակայն փաստաթղթերը դեռ կազմվում են, և դիմելու հստակ ժամկետ նախարարն այդպես էլ չի ներկայացրել։
Այսպիսով, հերթական անգամ կոնկրետ արդյունքի փոխարեն հանրությունը լսում է նոր գործընթացի, նոր իրավական մեխանիզմի և նոր սպասումների մասին։
Հատկանշական է նաև, որ Պապոյանը չի հրապարակում, թե ԵԱՏՄ անդամ որ երկրներն են աջակցում Հայաստանին, որոնք՝ դեմ։ Նախարարի պատճառաբանությունն այն է, որ այդ երկրների անունները հրապարակելը կարող է վնասել բանակցություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա և հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հենց այդ հանդիպումն էլ կարող է դառնալ հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների հարցը բարձրացնելու հերթական, գուցե ամենակարևոր հնարավորությունը։
Փաստորեն, էկոնոմիկայի նախարարի ամիսներ շարունակվող բանակցություններից հետո հարցի լուծման ակնկալիքը տեղափոխվում է վարչապետի մակարդակ։
Սակայն այստեղ էլ անորոշությունը չի վերանում։ Պապոյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 1։ Բայց արդյոք այդ նիստը կկայանա՞, արդյոք հարցը կդրվի՞ քվեարկության, և արդյոք Հայաստանը կկարողանա՞ անհրաժեշտ յոթ ձայնն ապահովել՝ այս հարցերի պատասխանները դեռ չկան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։