ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ վեց ներկայացուցիչ բնակություն է հաստատել Վաշինգտոնի ռազմական բնակելի համալիրներում, որոնք առանձնանում են ուժեղացված հսկողությամբ, փակ տարածքով և կողմնակի անձանց մուտքի սահմանափակումներով։ Նրանց թվում են պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և գլխավոր դատախազ Թոդ Բլանշը, հայտնում է CNN-ը։
Պատմականորեն այս տները, որոնցից շատերը կառուցվել են ավելի քան հարյուր տարի առաջ, նախատեսված են եղել բարձրաստիճան զինվորականների համար։ Նախորդ վարչակազմերի օրոք քաղաքացիական պաշտոնյաների տեղափոխությունը նման համալիրներ հազվադեպ երևույթ էր։ Սակայն ամերիկացի քաղաքական գործիչների հասցեին սպառնալիքների աճի ֆոնին այս գործելակերպն ավելի ու ավելի է տարածվում։
Բեսենթի խոսքով՝ ինքը ստիպված է եղել լքել Վաշինգտոնի Ջորջթաուն թաղամասում գտնվող իր առանձնատունը Իրանի կողմից հնչող սպառնալիքների պատճառով։ Ֆինանսների նախարարը մասնակցում է Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավին, այդ թվում՝ լայնածավալ պատժամիջոցների սահմանմանը։ Բլանշը նույնպես տեղափոխվել է ռազմաբազա՝ իր անվտանգության հետ կապված մտավախությունների պատճառով։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը և նրա կինը՝ Քեթին, անցյալ տարի տեղափոխվել են ռազմական բնակելի համալիր այն բանից հետո, երբ Վիրջինիայում նրանց տան մոտ բողոքի ակցիա էր անցկացվել, իսկ տարածված թռուցիկներում նշված էր եղել նրանց տան հասցեն։ Վարչակազմում հայտարարել են, որ ամուսինները բախվել են հետապնդման, անձնական տվյալների հրապարակման և սպառնալիքների կազմակերպված արշավի։
Միևնույն ժամանակ, ուժեղացված հսկողությունն ունի նաև հակառակ կողմը. պաշտոնյաներն ավելի են հեռանում ամերիկացիների առօրյա կյանքից։ Ամերիկյան համալսարանի՝ Կոնգրեսի և նախագահական իշխանության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Թոմաս Կանի կարծիքով՝ փակ ռազմական համալիրներում բնակվելը խորացնում է պետական ծառայողների մեկուսացումը հասարակությունից։
Լրացուցիչ հարցեր է առաջացնում նման բնակարանների արժեքը։ Սովորաբար պաշտոնյաները դրանց համար ամսական վճարում են ավելի քան 4,5 հազար դոլար։ Միևնույն ժամանակ, անցյալ տարի Հեգսեթը քննադատության ենթարկվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ֆորտ Մաքնեյրում նրա տան վերանորոգման և արդիականացման համար բանակի՝ 137 297 դոլար ծախսելու ծրագրերի մասին։
Որոշ բարձրաստիճան պաշտոնյաների համար ռազմական բնակարանների վարձակալության գործող կանոնները թույլ են տալիս վարձավճարը սահմանել չորսաստղանի գեներալների և ծովակալների վճարած գումարից ընդամենը 5%-ով ավելի բարձր մակարդակում։ Այս կարգը ներդրվել է 2008 թվականին օրենսդրության փոփոխությունից հետո։ Այն ժամանակ Պենտագոնը պարզաբանել էր, որ ռազմական օբյեկտներում պաշտոնյաներին տեղավորելը թույլ է տալիս խնայել բյուջետային միջոցները՝ մասնավոր առանձնատների շուրջօրյա պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն օգտագործելով արդեն գոյություն ունեցող պահպանության համակարգը։
Սակայն նախկինում նման տեղափոխությունները մտահոգություններ են առաջացրել սահմանափակ բնակարանային ֆոնդից զինծառայողների հնարավոր դուրսմղման պատճառով։ Մասնավորապես, 2018 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերը այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ բնակարան տրամադրելու խնդրանքը իրավական, ֆինանսական և էթիկական տեսանկյուններից հնարավոր խնդիրներ առաջացնող էին համարել։ Հետագայում նա, այնուամենայնիվ, բնակություն հաստատեց Վիրջինիայի ռազմաբազաներից մեկում։
Փորձագետները կարծում են, որ այս միտումը կարող է պահպանվել նաև ապագա վարչակազմերի օրոք՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից։
Օտարերկրյա պետությունների կողմից հնչող սպառնալիքների և հենց ԱՄՆ-ում քաղաքական բռնության ֆոնին փակ ռազմական համալիրները գրավիչ տարբերակ են դառնում բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Սակայն նման գործելակերպը հարց է առաջացնում, թե իշխանության ներկայացուցիչները որքանով կարող են մոտ մնալ հասարակությանը, եթե նրանց առօրյան անցնում է հսկվող պատերի հետևում։