Նոյեմբերի 27-ի երեկոյան Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում «American Airlines»-ի երկու Boeing 737 ինքնաթիռներ թռիչքից առաջ շարժվելիս թևերով դիպել են իրար։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
ԱՄՆ ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հայտնել է, որ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում Դալաս մեկնող 638 չվերթի ինքնաթիռը թռիչքի պատրաստվելիս թևով դիպել է նույն ավիաընկերության՝ Չիկագո մեկնող 2152 չվերթի ինքնաթիռին։ Վերջինս այդ պահին սպասում էր իր հերթին։
«Կանգառի գիծը մի փոքր անցանք ու, ցավոք, քերծեցինք մեր կողքին՝ մի քիչ հետևում կանգնած «American»-ի ինքնաթիռը»,— կարգավարներին զեկուցել է օդաչուն։ Այս մասին վկայում է ATC.com կայքում հրապարակված ռադիոկապի ձայնագրությունը։
Հարվածից պոկվել է օդանավերից մեկի թևի՝ դեպի վեր թեքված ծայրամասը՝ վինգլետը։
Միջադեպի պատճառով կարգավարները դադարեցրել են մեկ այլ ինքնաթիռի վայրէջքը և մի քանի ժամանող չվերթների անձնակազմերին զգուշացրել հնարավոր ուշացումների մասին։
Օդանավակայանի աշխատակիցները հեռացրել են պոկված մասը, որից հետո երկու Boeing-ներն էլ հասել են կայանատեղի։ Վաշինգտոնի օդանավակայանների վարչության հրշեջ-փրկարարները զննել են ինքնաթիռները, ապա դրանք ուղարկել տեխնիկական ստուգման։
«American Airlines»-ը ներողություն է խնդրել ուղևորներից անհարմարության համար և վստահեցրել, որ անում է ամեն ինչ՝ նրանց հնարավորինս արագ տեղափոխելու համար։ Երկու չվերթն էլ նախատեսվում էր իրականացնել նույն երեկոյան՝ ավելի ուշ։ FAA-ն արդեն հետաքննություն է սկսել։
Ուղևորներից մեկը CNN-ին պատմել է, որ բախման պահին ինքնաթիռն ուժեղ ցնցվել է։ Սրահում վախեցած բացականչություններ են լսվել, իսկ անհանգստացած ուղևորները սկսել են քննարկել կատարվածը։
Պատահարը տեղի է ունեցել թիվ 19 թռիչքուղու մոտ։ Այն օդանավակայանի ամենաերկար և ԱՄՆ-ի ամենածանրաբեռնված թռիչքուղիներից է։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ում տոնական ճամփորդությունների ամենաթեժ շրջանի նախօրեին։ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) կանխատեսմամբ՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ ներքին չվերթներից կօգտվի մոտ վեց միլիոն մարդ։