Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում. Թաալաթբեկ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին մասնակցությունը շարունակելու հարցը պետք է որոշի հենց Հայաստանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

Մասադիկովի խոսքով՝ կառույցը աննորմալ է համարում Երևանի ներկայիս կարգավիճակը, քանի որ հայկական կողմը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վերջնական որոշումը մնում է Հայաստանին. բյուջետային պարտքը մարելուց հետո երկրի լիարժեք ներգրավվածությունը, ներառյալ կառույցում անձնակազմի գործուղումը, կարող է վերականգնվել։ Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՀԱՊԿ-ը գործում է բացառապես կանոնադրության շրջանակում, չի ձգտում արհեստականորեն սրել իրավիճակը, սակայն չի կարող նաև անտեսել անդամ պետություններից մեկի բացակայությունը կոլեկտիվ գործընթացներից։

Հիշեցնենք, որ նոյեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում էր կայացրել Հայաստանի նկատմամբ կիրառել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը։ Այն նախատեսում է կասեցնել անդամ երկրի՝ կառույցի քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքը և զրկել նրան քվեարկության ձայնից, եթե երկիրը երկու տարվա ընթացքում չի մարում բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը։ Վերջին երեք տարիներին Հայաստանը չի վճարել իր անդամավճարները, սակայն, կանոնադրության համաձայն, պարտքն ամբողջությամբ մարելու դեպքում կկարողանա վերականգնել անդամակցության իր բոլոր իրավունքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *