Սամվել Կարապետյանն ավելի քան 530 օր զրկված է ազատությունից՝ ներառյալ փաստացի կալանքի և տնային կալանքի ժամանակահատվածները։
«Մենք ունենք նման տևական անազատություն՝ առանց որևէ իրավական հիմքի»,- նշել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Վերջինիս խոսքով՝ Սամվել Կարապետյանի քրեական վարույթը բաղկացած է երկու մասից։ Առաջին մեղադրանքը հաջորդել է եկեղեցին պաշտպանելու վերաբերյալ նրա հայտարարությանը, որից հետո Կարապետյանը ենթարկվել է կալանքի, ապա՝ տնային կալանքի։ Այդ սահմանափակումները շարունակվել են մինչև 2026 թվականի նոյեմբերը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նոյեմբերին, արտաքին պարտադրանքով սահմանադրական փոփոխությունների օրակարգի առաջմղման ֆոնին, Սամվել Կարապետյանը՝ որպես ընդդիմադիր ամենախոշոր ուժի առաջնորդ, հայտարարել է, որ մերժելու են այդ շրջանակում ներկայացվող ցանկացած առաջարկ։
«Անմիջապես դրան հաջորդում է նոր մեղադրանք և կրկին կալանք։ Շատ կարևոր է ֆիքսելը, որ տնային կալանքից անձին կալանքի տանելը, մեղմ ասած, աբսուրդ է»,- ասել է Վարդևանյանը։
Նա նաև անդրադարձել է Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությանը, ըստ որի՝ նոր քրեական վարույթը հարուցվել է դեռևս 2026 թվականի հունվարին։
«2026 թվականի հունվարին հարուցում են հերթական քրեական գործը, ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են այն պահին, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողվում է, և դրան ի՞նչ պետք է հաջորդի՝ կալանք։ Որովհետև այս իշխանությունները մի բան հստակ միշտ անում են՝ դա կալանքն է»,- նշել է ԱԺ փոխնախագահը։