Որո՞նք են օրական միջին ազատ ժամանակով թոփ 10 երկրները․ հայաստանցին զրկված է նաև լիարժեք հանգստից

Տնտեսական բարեկեցությունը սովորաբար գնահատվում է եկամուտներով, սպառմամբ և նյութական ապահովվածությամբ։ Սակայն, կյանքի իրական որակը որոշվում է նաև մեկ այլ կարևոր ռեսուրսով՝ ազատ ժամանակով։ Մարդուն անհրաժեշտ է հանգիստ և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ․

OECD-ի համաձայն՝ 34 երկրների շրջանում բնակիչների օրական ազատ ժամանակով  առաջատարը Նորվեգիան է՝ օրական 5.9 ժ։ Հաջորդում են Գերմանիան՝ 5․68 ժ, Բելգիան՝ 5․65 ժ, Հունաստանը՝ 5․58ժ և Ֆինլանդիան՝ 5․5ժ ցուցանիշներով։ Վերջին տեղում Մեքսիկան է՝ 3․4ժ։ Նորվեգացին օրական միջինում 151 ր ավելի շատ ազատ ժամանակ ունի, քան մեքսիկացին։ 

  • Հայաստանը նշված վարկանիշում ներառված չէ։ Սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները բացահայտում են խնդրի ֆինանսական կողմը։ 2024 թ․ բնակչության 76.8%-ը չէր կարող իրեն թույլ տալ տարին մի քանի անգամ այցելել կինոթատրոն, համերգ կամ հանգստի այլ միջոցառում։ Ավելին՝ 78.7%-ը չէր կարող ֆինանսավորել մեկշաբաթյա ընտանեկան արձակուրդ, իսկ 64.6%-ը՝ սեփական միջոցներով վճարել նույնիսկ ֏45 հզր անսպասելի ծախսը։ Աղքատության մակարդակը կազմել է 21.7%։

Վերոնշյալը ցույց է տալիս, որ աղքատությունը շատ ավելի բազմաշերտ երևույթ է, քան պարզապես ցածր եկամուտը։ Երբ մարդը ստիպված է իր ժամանակի մեծ մասը տրամադրել ապրուստի մասին հոգալով, վաստակած գումարը բավարարում է կենսական կարիքներին, իսկ հանգիստը մնում է անհասանելի շքեղություն։

Հայաստանի տնտեսական զարգացման նպատակը պետք է լինի ոչ միայն եկամուտների և ՀՆԱ-ի աճը, այլև այնպիսի արտադրողականության ու վարձատրության ապահովումը, որոնք մարդկանց հնարավորություն կտան ավելի քիչ ժամանակ ծախսել ապրուստ վաստակելու և ավելի շատ՝ ապրելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *