Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը:
Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել խորհրդի անդամներին, նշել, որ նման ձևաչափով նիստ վաղուց տեղի չէր ունեցել և շնորհակալություն հայտնել այս ընթացքում ցուցաբերած աջակցության և պատրաստակամության համար։
«Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը՝ ցանկանում եմ կարևորել այս ձևաչափով աշխատանքը, որովհետև այն ուղղված է հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և հուսալի ու անվտանգ շահագործմանն ուղղված մեր անելիքներին։ Մեր միջազգային գործընկերները բավական երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությանն ուղեկցում են այս կարևոր առաքելության մեջ, և մենք շատ բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, և Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն, այն երկարացվել է 10 տարով։ Այս ուղղությամբ կատարվել են բազմաթիվ տեխնիկական միջոցառումներ՝ նախապես պլանավորված ցանկի համաձայն, որն իրականացվել է ամբողջությամբ։
ՀԱԷԿ-ն առանձնահատուկ դեր ունի Հայաստանում անընդհատ էլեկտրաէներգիայի մատակարարման գործում՝ դրանով իսկ նպաստելով մեր երկրի էներգետիկ անվտանգությանը։ Դրանով պայմանավորված և ելնելով ատոմակայանների շահագործման ժամկետների երկարաձգման միջազգային փորձից՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշել է հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել երկրորդ անգամ՝ 2026 թվականից մինչև 2036 թվական՝ իրականացնելով պահանջված տեխնիկական միջոցառումների մի ամբողջ շարք, որի համար Կառավարությունը 2023 թվականի թիվ 395 Ա և թիվ 1597 Ա որոշումների հիման վրա Հայաստանի պետական բյուջեից հատկացրել է 160 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Աշխատանքների մոտ 60%-ն արդեն կատարված է, իսկ մնացած մասը գտնվում է կատարման գործընթացում։