«Գագիկ Ծառուկյանի նշած վարկային միավորների թվաքանակը փաստարկված է». Միքայել Մելքումյան

«Գագիկ Ծառուկյանի նշած վարկային միավորների թվաքանակը փաստարկված է». Միքայել Մելքումյան

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, տնտեսագետ Միքայել Մելքումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի պատասխան սույն թվականի ապրիլի 27-ին «ՍիվիլՆեթ»-ի՝ «Վարկառուների իրական թիվը Հայաստանում. իրական տվյալներն ու Ծառուկյանի և Սուքիասյանի պնդումները» խորագրով հրապարակման՝ ցանկանում եմ նշել, որ ինչպեսև արձանագրել եմ վերը նշյալ հրապարակման մեջ, ՀՀ-ում վարկառուների թիվը գերազանցում է 2 մլն 400 հազարը: Այս ցուցանիշը ներառում է ինչպես բանկերի, այնպես էլ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը: Ընդ որում, պետք է նշեմ, որ այս թվաքանակը 2021-ից հետո աճել է առնվազն 300 հազարով՝ հաշվի առնելով նաև այն, որ վարկերի նկատմամբ պահանջարկը փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կառուցապատման ոլորտի կողմից շեշտակի աճել է:
     Վարկերի ընդհանուր ծավալը վերջին 5 տարում, մասնավորապես՝ 2021-ից սկսած, 4-4,5 տրլն դրամից, 2026-ի փետրվարի դրությամբ, հասել է 8 տրլն-ից ավելին և մեր մատնանշած 7 տրլն-ից ավելի գումարը վերաբերում է 2025-ի կեսերի տվյալներին:
     Փաստորեն այս թվերի համադրությունը ցույց է տալիս, որ վարկերի ծավալը ոչ միայն բացարձակ թվով է աճում, այլև՝ վարկառուների կամ որ նույնն է՝ վարկերի թվաքանակի կտրվածքով: Իսկ դա նշանակում է, որ երբ Ծառուկյանն ասում է՝ 2 մլն 450 հազար վարկառու, խոսքը վերաբերում է վարկերի միավորների թվաքանակին: Ընդ որում, պետք է ընդգծել, որ մեկ մարդը կարող է ունենալ մի քանի վարկ:
     Բացի այդ, բավական է նշել, այդ 8 տրլն դրամ կազմող վարկերի ծավալում 2 տրլն-ից ավելին սպառողական վարկերն են, 2 տրլն-ից մի փոքր պակաս՝ հիփոթեքային վարկերը, և եթե մենք 2 տրլն-ից ավելի սպառողական վարկեր կազմող գումարը հարաբերենք միջին սպառողական վարկերի ծավալին, այն է՝ 1-1.5 մլն դրամ, կստանանք 1,5-2 մլն միավոր վարկ: Եթե դրան էլ ավելացնենք հարյուր հազարավոր հիփոթեքային վարկերը, ապա ակնհայտորեն հիմնավորված է Ծառուկյանի հնչեցրած վարկերի թվաքանակը: Ակնհայտ է, որ վերջին 5-6 տարում ՀՀ-ում, հատկապես Երևանում, տարեկան կառուցվել են 300-400 բարձրահարկ, բազմաբնակարան շենքեր, յուրաքանչյուրը՝ 100-200 բնակարաններով, իսկ դրանց ճնշող մեծամասնությունը գնված է հիփոթեքային վարկերով: Դրան էլ պետք է ավելացնել հիփոթեքային վարկերով ձեռք բերված այլ շենք-շինությունները: Այսպիսով, հիփոթեքային վարկ ձեռք բերողների թիվը կարող է անցնել 500,000-ը:
     Հաջորդ.
     Ինչ վերաբերում է ավանդների ծավալին և թվաքանակին, ապա տողերիս հեղինակը՝ ես, պատգամավոր եղած ժամանակ հեղինակել եմ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմը բարձրացնելու մասին» ՀՀ օրենքները, որոնց շրջանակներում մանրակրկիտ տեղեկատվություն ունեի և ունեմ ավանդների ծավալի, կառուցվածքի և դինամիկայի վերաբերյալ վերջին 15 տարիների ընթացքում:
     Մեկ բան ակնհայտ է, որ վարկ չեն վերցնում ավանդ ձևակերպելու համար. դա, համաձայնեք, խիստ անտրամաբանական կլիներ:
     Ընդ որում, ՀՀ-ում ավանդատուների 98,5 տոկոսն ունի մինչև 16 մլն դրամի ավանդներ, իսկ 1,5 տոկոսը՝ դրանից ավելի խոշոր ավանդներն են: Փաստորեն, մենք տեսնում ենք, որ ավադատուները և վարկառուները տարբեր մարդիկ են՝ չնայած որոշ, ոչ մեծաթիվ համընկնումներ կարող են լինել:
     Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *