Իրանը ԶՈւ–ն տեղակայել է սահմաններին և պատրաստ է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը

Իրանի զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են երկրի սահմաններին և պատրաստ են ԱՄՆ բանակի կողմից Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր ցամաքային գործողության մեկնարկին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Նոուզար Նեմաթին։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փորձում է Իրանին մեղադրել քիմիական և կենսաբանական զենքի մշակման մեջ՝ կիրառելով 2003 թվականի «իրաքյան սցենարը» և երկրի հասարակական կարծիքը նախապատրաստելով Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր ցամաքային ներխուժմանը։

«Մենք նախապես տարբեր ուժեր ենք տեղակայել մեր ցամաքային սահմաններին և այն շրջաններում, որտեղ, մեր ենթադրությամբ, թշնամին կարող է նման հիմար քայլի դիմել (ցամաքային գործողություն իրականացնել՝ խմբ.)։ Մենք գործողությունների ծրագրեր ունենք», – Նեմաթիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալը կոչ է արել ԱՄՆ-ին չփորձել ցամաքային գործողություն սկսել՝ նշելով, որ հակառակ դեպքում ամերիկյան բանակը մեծ կորուստներ կունենա, և նրա վիճակը «էլ ավելի վատ կլինի»։

Նեմաթիի խոսքով՝ Միացյալ Նահանգները գիտակցում է, որ Իրանի դեմ ցամաքային գործողություն սկսելու հնարավորություն չունի, իսկ նման գործողության դեպքում անպայման պարտություն կկրի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *