Իրանն իր բանակի ռազմածովային ուժերը կհամալրի նորագույն պաշտպանական համակարգերով

Իրանի պաշտպանության նախարար Մեհրդադ Ախլաղին հայտարարել է, որ երկրի բանակի ռազմածովային ուժերը կհամալրվեն պաշտպանական ամենաժամանակակից համակարգերով։ Այս մասին նա հայտնել է շաբաթ օրը՝ Ռազմածովային ուժերի ազգային օրվա առթիվ իր ուղերձում՝ ընդգծելով, որ նախարարությունը կշարունակի զարգացնել հայրենական ռազմածովային տեխնոլոգիաները և ամրապնդել պաշտպանական արտադրությունը, փոխանցել է Mehr-ը։

Նախարարի խոսքով՝ Իրանի ռազմածովային ուժերը կարևոր դեր են խաղում երկրի տարածքային ջրերի, ազգային անվտանգության և շահերի պաշտպանության գործում։ Ծովային հաղորդակցության ուղիների ռազմավարական նշանակության և տարածաշրջանում լարված իրավիճակի պայմաններում նրանց մարտական ու օպերատիվ պատրաստվածությունը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հետ փոխգործակցությունը շարունակում են մնալ պաշտպանունակության և զսպման առանցքային տարրերը։

Ախլաղին ընդգծել է, որ պաշտպանության նախարարությունն օգտագործում է երկրի գիտական, արդյունաբերական և տեխնոլոգիական ներուժը՝ նավատորմն արդիականացնելու, սեփական առաջատար տեխնոլոգիաները մշակելու, զինված ուժերի օպերատիվ կարիքները բավարարելու և պաշտպանական արտադրության ու նյութատեխնիկական ապահովման ենթակառուցվածքներն ամրապնդելու համար։

Նախարարը նաև նշել է, որ նավատորմի մարտունակության բարձրացումը շարունակվում է զինված ուժերի հրամանատարության և «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի մասնակցությամբ, որը համակարգում է բանակի և ԻՀՊԿ ռազմական գործողությունները։

«Սրբազան պաշտպանության փորձը [այսպես են Իրանում անվանում 1980–1988 թվականներին Իրաքի հետ պատերազմը], ինչպես նաև հակառակորդների հետ շարունակվող և վերջին բախումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ ծովային տարածքը և ռազմածովային կարողություններն ազգային անվտանգության ու պաշտպանության ապահովման առանցքային և վճռորոշ ոլորտներից են», — հայտարարել է Ախլաղին։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է, որ Իրանն ունենա հզոր ռազմածովային նավատորմ՝ հագեցած ծովային պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաներով, արդյունավետ տեխնիկայով և առաջատար օպերատիվ միջոցներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *