Փարիզում ոստիկանության և ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» (RN) կուսակցության երիտասարդական թևի համագումարի դեմ բողոքի ակցիաների մասնակիցների միջև բախումներից հետո 13 մարդ է ձերբակալվել։ Անկարգությունների հետևանքով տուժել են մեկ ոստիկան, կուսակցության անվտանգության ծառայության աշխատակիցներ և մի քանի ակտիվիստներ, հայտնում է Le Parisien-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Շաբաթ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, ոստիկանությունը հաղորդում է ստացել դիմակավորված մոտ 60 հոգուց բաղկացած խմբի մասին, որն ուղղվում էր դեպի Վենսենի անտառում գտնվող Chalet du Lac ռեստորանային համալիր։ Այնտեղ ընթանում էր կուսակցության երիտասարդական թևի համագումարը, որը նախագահական ընտրություններին ընդառաջ վերանվանվել էր «Ծովակապույտ երիտասարդություն» (Jeunes Bleu Marine)։ Հարևան Սեն Մանդեի քաղաքային դիտարկման կենտրոնի տվյալներով, այդ վայր էր շարժվում նաև մոտ 200 մարդ, որոնցից ոմանք դրոշներ էին կրում։
Միջոցառմանը ներկա էին «Ազգային միավորման» շուրջ 600 ակտիվիստներ և տեղական ղեկավարներ։ Հաշվի առնելով հավաքվածների թիվը՝ Փարիզի և Վալ դը Մառն դեպարտամենտի ոստիկանությունը զգալի ուժեր էր ուղարկել։ Ժամանած իրավապահների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետվել։
Թարմացված տվյալներով, ձերբակալվել է 13 մարդ։ Նրանցից երեքը կասկածվում են, մասնավորապես, իրավապահ մարմինների ներկայացուցչի վրա խմբակային հարձակման, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու, զինված հավաքի մասնակցելու և D կատեգորիայի զենք կրելու մեջ։ Քաշքշուկի ժամանակ մեկ ոստիկան ծնոտի վնասվածք է ստացել։ Բժշկական զննությունից հետո պարզվել է, որ նրա վիճակը մտահոգիչ չէ։ Թեթև վնասվածքներ են ստացել նաև RN-ի անվտանգության ծառայության երկու աշխատակից և մի քանի ակտիվիստներ։ Տուժածներին առաջարկվել է հաղորդում ներկայացնել ոստիկանություն։
Ավելի ուշ՝ երեկոյան, ևս երկու միջադեպ է տեղի ունեցել։ Ժամը 21:15-ի սահմաններում Վենսենում՝ մետրոյի Bérault կայարանի մոտ, չորս մարդ է ձերբակալվել բռնի գործողությունների նախապատրաստվող խմբին մասնակցելու կասկածանքով։ Մոտ հինգ րոպե անց ոստիկանությունը կանգնեցրել է դիմակավորված ևս հինգ անչափահասների, որոնք բողոքում էին համագումարի անցկացման դեմ։ Նրանց ինքնությունը պարզելու համար տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, ապա հանձնել ծնողներին։ Նրանք անազատության մեջ չեն պահվել։
Օրվա ընթացքում համագումարում ելույթ է ունեցել «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լը Պենը։ Մասնակիցները նրան ողջունել են «Մարին՝ նախագահ» վանկարկումներով։ Իր ելույթում քաղաքական գործիչը կողմնակիցներին կոչ է արել չտրվել սադրանքներին և իրենց զոհի տեղ չդնել։
Փարիզում բախումները տեղի են ունեցել Բիարիցում անկարգությունների հաջորդ օրը, որտեղ բախվել էին Le Canon français կազմակերպության խնջույքի հակառակորդներն ու մասնակիցները։ Միջոցառումը մասամբ ֆինանսավորել էր ծայրահեղ պահպանողական հայացքներով միլիարդատեր Պիեռ Էդուար Ստերենը։ Բիարիցում նույնպես մի քանի մարդ էր վիրավորվել, այդ թվում՝ մեկ ոստիկան, որը հոսպիտալացվել էր։