
Ուկրաինայի և Իսրայելի միջև դիվանագիտական վեճը «Պանորմիտիս» նավի շուրջ, որը, ենթադրաբար, հացահատիկ էր հասցրել օկուպացված ուկրաինական տարածքներից Հայֆա, շարունակում է սրվել: Երկուշաբթի երեկոյան երկու երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություններ են փոխանակել X սոցիալական մեդիա հարթակում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան X սոցիալական մեդիա հարթակում գրել է, որ Կիևը «դժվարանում է հասկանալ Իսրայելի կողմից Հայֆա գողացված բեռ հասցրած նախորդ նավի վերաբերյալ դիմումին համարժեք արձագանքի բացակայությունը»: «Այժմ, երբ Հայֆա է ժամանել ևս մեկ նման նավ, մենք կրկին զգուշացնում ենք Իսրայելին` զերժ մնալ գողացված հացահատիկ ընդունելուց և մեր հարաբերություններին վնաս հասցնելուց», – գրել է նա: Սիբիգան հայտարարել է, որ ապրիլի 28-ին, երեքշաբթի օրը, բողոքի նոտա կհանձնվի Իսրայելի դեսպանին։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ «բարեկամական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները չեն պահպանվում Twitter-ի և լրատվամիջոցների միջոցով»: Սաարը Իսրայելի դեմ մեղադրանքները անհիմն է անվանել: Նրա խոսքով, Ուկրաինան դեռևս իրավական օգնության խնդրանք չի ներկայացրել Իսրայելին, փոխարենը դիմել է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերին: «Հարցը կվերանայվի. Իսրայելը իրավական պետություն է: Բոլոր իսրայելական գործակալությունները կգործեն օրենքին համապատասխան», – հայտարարել է Սաարը։