ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները մտադիր են փակել հարկային այն սողանցքը, որից օգտվում են տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միլիարդատերերը՝ հարազատներին միլիարդավոր դոլարների բաժնետոմսեր և այլ ակտիվներ փոխանցելու համար՝ խուսափելով նվիրատվության և ժառանգության հարկերից։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է սենատոր Ռոն Ուայդենը։
Խոսքը Grantor Retained Annuity Trusts (GRAT) տրաստների մասին է, որոնք ակտիվների սեփականատերերին թույլ են տալիս դրանց արժեքի ապագա աճը փոխանցել ժառանգներին՝ գրեթե առանց հարկ վճարելու։ Նման տրաստ ստեղծելիս սեփականատերն իրավունք է ստանում սահմանված ժամկետի ընթացքում պարբերական վճարումներ ստանալու, իսկ մնացած ակտիվներն անցնում են շահառուներին։ Եթե այդ ընթացքում ներդրումների արժեքը զգալիորեն աճում է, աճի հիմնական մասը կարող է անցնել ժառանգներին՝ առանց նվիրատվության և ժառանգության հարկերի։
Ըստ Financial Times-ի, ընկերությունների հաշվետվությունների վերլուծության համաձայն, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Nvidia-ի համահիմնադիր Ջենսեն Հուանգը, AMD-ի ղեկավար Լիզա Սուն և Microsoft-ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան նման տրաստներում տեղաբաշխել են ընդհանուր առմամբ շուրջ 20 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր։
Հատկապես հատկանշական է Հուանգի և նրա կնոջ՝ Լորիի օրինակը։ 2016 թվականին նրանք ստեղծել են չորս տրաստ և յուրաքանչյուրին փոխանցել Nvidia-ի 770 հազարական բաժնետոմս՝ այն ժամանակվա ընդհանուր շուրջ 100 մլն դոլար արժեքով։ Վճարումների կառուցվածքի շնորհիվ նրանց հաջողվել է գրեթե խուսափել նվիրատվության հարկից։ Հետագա տարիներին Nvidia-ի բաժնետոմսերը կտրուկ թանկացել են, իսկ տրաստներում մնացած բաժնետոմսերի արժեքը, FT-ի հաշվարկներով, հասել է 16 մլրդ դոլարի։ Այդ ակտիվները կարող են փոխանցվել ժառանգներին՝ առանց նվիրատվության և ժառանգության հարկերի։
Մասկը, ըստ SpaceX-ի բաժնետոմսերի սեփականության վերաբերյալ հաշվետվությունների, տրաստներում տեղաբաշխել է ընկերության շուրջ 1 մլրդ դոլարի բաժնետոմսեր։ Նադելան նման կառույցների միջոցով տիրապետում է Microsoft-ի 213 մլն դոլարի ակտիվների՝ իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերի մոտ կեսին։ JPMorgan-ի ղեկավար Ջեյմի Դայմոնը 2016 թվականից ի վեր իր ընտանիքի անդամների հետ կապված կառույցներին է փոխանցել բանկի ավելի քան 4,2 մլն բաժնետոմս, որոնց արժեքն այժմ գնահատվում է շուրջ 1,4 մլրդ դոլար։
Ուայդենը նման սխեմաներն անվանել է միջոց, որը ամենահարուստ ամերիկացիներին թույլ է տալիս խուսափել հարկերի իրենց արդար բաժինը վճարելուց։ Սենատորը, որը, ինչպես սպասվում է, կգլխավորի Սենատի ֆինանսական հանձնաժողովը պալատի՝ դեմոկրատների վերահսկողության տակ անցնելուց հետո, մտադիր է առաջ տանել այս սողանցքը վերացնելու մասին օրինագիծը։ Նա փաստաթուղթը պատրաստել է Մեն նահանգը ներկայացնող անկախ սենատոր Անգուս Քինգի հետ համատեղ։
Դեմոկրատները նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում մեծամասնություն են ստացել Կոնգրեսի երկու պալատներում և խոստանում են հասնել ամենահարուստ ամերիկացիների ավելի արդար հարկմանը։ Սակայն բարեփոխման հեռանկարները մնում են անորոշ. նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վետո դնել ընդունված օրենքի վրա, որը հաղթահարելու համար կպահանջվի օրենսդիրների երկու երրորդի աջակցությունը։
ԱՄՆ-ում նվիրատվության և ժառանգության հարկերը հասնում են 40%-ի՝ սահմանված 15 մլն դոլարի շեմը գերազանցող ակտիվների համար։
Միաժամանակ այս հարկերից ստացվող մուտքերը 1970 թվականին դաշնային եկամուտների 1,9%-ից 2025 թվականին նվազել են մինչև 0,6% կամ շուրջ 29 մլրդ դոլար։ Փորձագետները դա կապում են, ի թիվս այլ գործոնների, հարկման բարձր շեմի և հարկային պարտավորությունները օրինական ճանապարհով նվազեցնելու միջոցների լայն կիրառման հետ։