

Երկրի օրվան ընդառաջ՝ ապրիլի 13-17-ը, «Կլիմայական մարտահրավերներն ու օդի աղտոտվածությունը» թեմայով միջոցառումներ են անցկացվել Վեդի, Հովտաշատ, Մուսալեռ, Ճամբարակ և Արաքս համայնքների դպրոցականների համար։ Միջոցառումները կազմակերպվել են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի «Առաջնորդության շաբաթ» բաց միջոցառումների շրջանակներում:
Միջոցառումների նպատակն էր․
– զարգացնել մասնակիցների առաջնորդական կարողունակությունները՝ կլիմայական խնդիրների գիտակցման և լուծման համատեքստում
– խթանել պատասխանատվության զգացումը, նախաձեռնողականությունը և թիմային աշխատանքի հմտությունները՝ համագործակցային գործունեության միջոցով
– ձևավորել որոշումների կայացման կարողությունն՝ ուղղված համայնքի և շրջակա միջավայրի պահպանմանը։
Մասնավորապես Արաքս համայնքում անցկացված միջոցառումները ներկայացրել է ֆիզիկայի ուսուցչուհի Ռոզա Կարապետյանը։
Արաքս համայնքում իրականացվել է «Փրկենք կլիման, ապահովենք մաքուր ապագան» խորագրով միջոցառումը։ «Միջոցառումը կառուցված էր ակտիվ մասնակցության վրա, և դրա կարևոր առանձնահատկությունն այն էր, որ սովորողները հանդես են եկել ոչ միայն որպես քննարկման մասնակիցներ, այլև՝ որպես իրական գործողություններ նախաձեռնողներ»,- նշել է Ռոզա Կարապետյանը։


Աշակերտները մասնակցել են ծառատունկի։ «Ծառատունկի ընթացքում աշակերտները սկսել են հստակ հասկանալ, թե ինչու են ծառերը կարևոր ածխաթթու գազի կլանման և օդի մաքրման գործընթացում, և այդ գիտելիքն անմիջապես կապել իրենց գործողության հետ։ Այդ փորձառությունը ձևավորել է «ես կարող եմ ազդեցություն ունենալ» մտածողություն, որը կարևոր է պատասխանատու վարքագծի զարգացման համար»,- գրել է ֆիզիկայի ուսուցչուհին։


Բացի այդ, դպրոցականներն իրականացրել են հարցազրույցներ համայնքի բնակիչների հետ՝ պարզելու նրանց տեղեկացվածության մակարդակը օդի աղտոտվածության և կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Աշակերտները վերլուծել են հավաքագրած տեղեկատվությունը՝ պարզելով հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքը տվյալ խնդրի վերաբերյալ։ Այդպիսով զարգացել են նրանց հաղորդակցական կարողությունները, սոցիալական զգայունությունը և հետազոտական հմտությունները։
Աշակերտները մաքրել են իրենց շրջապատը, ինչի արդյունքում ավելի լավ են հասկացել շրջակա միջավայրի՝ կենցաղային աղբով աղտոտվածության խնդիրը և իրենց ներդրման անմիջական արդյունքը։ «Այդ փորձառությունը նպաստեց աշխատանքի արժևորմանը, թիմային պատասխանատվության ձևավորմանը և այն գիտակցմանը, որ փոքր գործողությունները կարող են ունենալ տեսանելի ազդեցություն։


․․․Միջոցառման ավարտից հետո առավել արժեքավոր արդյունքներից մեկը, որ ես արձանագրեցի, վերաբերում էր ոչ միայն ձեռք բերված գիտելիքներին, այլև այն ներքին փոփոխություններին, որոնք սկսեցին ձևավորվել սովորողների մոտ։ Նրանց խոսքում և առաջարկներում հստակ երևում էր, որ ձևավորվել է նախաձեռնողականություն և գործողության պատրաստակամություն։ Նրանք այլևս չէին սահմանափակվում քննարկումներով, այլ փորձում էին մտածել հաջորդ քայլերի մասին։ Այս իմաստով կարելի է նշել, որ միջոցառումը «սերմանեց» ակտիվության և պատասխանատվության այնպիսի հիմք, որը կարող է շարունակական զարգացում ունենալ ժամանակի ընթացքում։

Հատկապես կարևոր է, որ սովորողները ինքնուրույն ձևակերպեցին իրենց հաջորդ քայլը՝ գյուղում աղբի տեսակավորման գործընթացի կազմակերպումը։ Այս նախաձեռնությունը, թեև առաջին հայացքից կարող է թվալ փոքր, սակայն իր մեջ պարունակում է լուրջ փոփոխության ներուժ։
Այս գործընթացը լիովին հաստատում է այն գաղափարը, որ յուրաքանչյուր փոփոխություն սկսվում է անհատից։ Երբ սովորողը սկսում է իրեն ընկալել որպես գործողության սուբյեկտ, այլ ոչ թե պարզապես դիտորդ, ձևավորվում է այն մտածողությունը, որը կարող է բերել իրական սոցիալական փոփոխությունների։

․․․
Հատկապես կարևոր եմ համարում այն, որ ձևավորվեց արժեքային այնպիսի համակարգ, որտեղ գերակշռում են բնության նկատմամբ հոգատարությունը, սոցիալական պատասխանատվությունը և համագործակցությունը։ Սովորողները սկսեցին ավելի հստակ գիտակցել իրենց կապը շրջակա միջավայրի հետ և իրենց դերակատարությունը դրա պահպանման գործում»,- նշել է Ռոզա Կարապետյանը։
Ապրիլ 28, 2026 at 13:15