Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է մարդկանց վրա։ Նա նախ մտել է Պետրալոնա թաղամասում գտնվող Հունաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամի (EFKA) շենք։
Թոշակառուն բարձրացել է 4-րդ հարկ, կրակոց արձակել առաստաղին, ապա վիրավորել աշխատակիցներից մեկին։ Տուժածին արագ տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կարճ ժամանակ անց նույն տղամարդը ներկայացել է Աթենքի վերաքննիչ դատարան։ Նույն սցենարով նա կրկին բարձրացել է 4-րդ հարկ և կրակ բացել՝ այս անգամ թիրախավորելով 4 քարտուղարուհիների։ Նրանք նույնպես թեթև վնասվածքներ են ստացել։
Հարձակումից հետո հանցագործը դեպքի վայրում թողել է որսորդական հրացանը և փախել անհայտ ուղղությամբ։ Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են։
ERT-news հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործը նախկինում հավաքարար է աշխատել, որոշ շրջան բուժվել է հոգեբուժարանում։