Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հրապարակել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի բնույթի վերաբերյալ տեղեկատվությունը։
Նախապես հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է շարքից դուրս մնալ մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը։ Մբապեն վնասվածք էր ստացել և փոխարինվել Իսպանիայի Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ արտագնա խաղի 81-րդ րոպեին (1:1):
«Մադրիդի «Ռեալի» բժշկական անձնակազմի կողմից մեր ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի այսօրվա հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ձախ ոտքի կիսաջլային մկանի վնասվածք։ Նրա վիճակը կգնահատվի դինամիկայում»,- նշված է «արքայական ակումբի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների լիգայում նրա ակտիվում կա 11 խաղ, 15 գոլ և 1 արդյունավետ փոխանցում։