ԵՄ-ն ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման հարցով հայ-թուրքական խմբի հանդիպումը

Եվրոպական միությունը ողջունել է Կարսում կայացած Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

Այս մասին նշված է Եվրոպական միության մամուլի հաղորդագրության մեջ։ Դրանում նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կայուն առաջընթացը արտացոլում է տարածաշրջանում ավելի լայն դրական դինամիկան, որն առանցքային նշանակություն ունի երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար:

ԵՄ-ն նաև աջակցություն է հայտնել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Մամուլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Կարս-Գյումրի երկաթուղային գծի գործարկումը կնպաստի տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը, ինչը գործնական օգուտ կբերի Հարավային Կովկասի բոլոր երկրներին և ժողովուրդներին:

ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացմանը՝ իր Global Gateway ռազմավարության, միջտարածաշրջանային կապի ծրագրի և Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որտեղ Հայաստանն ու Թուրքիան կարևոր դեր են խաղում:

Հիշեցնենք, որ Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը կայացել է ապրիլի 28-ին և անցկացվել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *