
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Քպ-ականներն այնպես ջերմեռանդորեն են ջուր լցնում թուրքի ու ադրբեջանցու ջրաղացին, այնպես ջանադիր են պայքարում մեր ազգային սիմվոլների դեմ, երբեմն կասկած է առաջանում, կարո՞ղ է էս մարդիկ իսկապես գենետիկ անալիզ են հանձնել և իրենց արյան մեջ բավական մեծ թյուրքականություն հայտնաբերել։
Եվ հաճախ են թութակի պես կրկնում, թե Մասիսը այլևս մեր տարածքում չէ։ Ականջդ կանչի, Չիչերին․ նա Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսարն էր։ Երբ թուրքերը նմանատիպ բողոքի նոտա հղեցին Մոսկվա, թե ինչու է Խորհրդային Հայաստանի գերբի վրա Մասիսը պատկերած՝ Չիչերինի պատասխանը հստակ էր․- Ձեր դրոշի վրա էլ լուսինն է պատկերված, ինչ է, այն Թուրքիայո՞ւմ է․․․
Հիմա, որ էդպես ջերմեռանդորեն, թուրքի պատվեր կատարելով, կռիվ եք տալիս հայության ազգային սիմվոլների դեմ, ձեզ հարց տալիս ե՞ք, լուսինը Թուրքիայո՞ւմ է, թե՞ Ադրբեջանում։
Հա, չմոռանաք մեր գերբի վրայից առյուծը հանել, տեղը կատու պատկերել։ Հայաստանում առյուծներ չկան, չհաշված Երևանի և Ծառուկյանի գազանանոցները։ Քենիայից բողոքի նոտա չեք ստացե՞լ, թե մեր գերբին ինչո՞ւ է առյուծ պատկերված։
Ձեր տրամաբանությամբ, ձեր պապերը, հայրերը, որոնք վաղուց մեռել ու հող են դարձել՝ էլ ոգի, անուն, հիշողություն ու հիշատակ չեն, այլ՝ հող են միայն, որի վրա կարելի է լոբի ցանել․․․
Ո՞նց կարելի է այդքան անհոգի լինել, այնդքան հայությանն ու հային ատել, շատ ավելի ատել, քան թուրքն է ատում։ Փորձեք ինքնահաստատվել հայրենիքին ու հայկականությանը ծառայելով, ոչ թե թյուրքերին հաճոյանալով։ Ինչքան էլ կաշիներիցդ դուրս գաք՝ թյուրքի մոտ ստրուկ եք, անպետք իր, լաթ, որին օգտագործելուց հետո դեն են նետելու։ Կարծեմ աշխարհում չկա՛ հավատարիմ ստրուկներին նվիրված, նրանց ծառայությունները գնահատող արձան կամ կոթող․․․»։