Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, Հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:
Կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը։
Միջոցառմանը մասնակցել են Սենատի և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ քաղաքապետեր, ռեգիոնալ դեպարտամենտի քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, ԱԳՆ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ելույթներ են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները։