
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Փենթագոնին հարցում է ուղարկել Մերձավոր Արևելքում Dark Eagle հիպերձայնային հրթիռների տեղակայման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ CENTCOM-ը նախատեսում է հրթիռներն օգտագործել Իրանի բալիստիկ հրթիռների արձակման կայանքներին հնարավոր հարվածներ հասցնելու համար, որոնք Իսլամական Հանրապետությունը տեղափոխել է իր տարածքի խորքը:
Գերատեսչության հարցումը հիմնավորվում է նրանով, որ ներկայիս Precision Strike Missile հրթիռները չեն կարող խոցել 480 կմ-ից ավելի հեռավորության վրա գտնվող թիրախներ, մինչդեռ Dark Eagle-ի հեռահարությունը գերազանցում է 2,7 հազար կմ-ը (որոշ տվյալներով՝ մինչև 3,5 հազար կմ)։
Dark Eagle համալիրն, ինչպես նշում է Bloomberg-ը, դեռ պաշտոնապես չի ընդունվել զինված ուժերի սպառազինության մեջ և գտնվում է փորձարկման փուլում։ ԱՄՆ-ն ունի ոչ ավելի, քան 8 նման հրթիռ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է մոտ 15 միլիոն դոլար։