
Բաքվում Եվրոմիության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում դատապարտվել են ապրիլի 30-ի Եվրոխորհրդարանի բանաձևում «Ադրբեջանի դեմ անհիմն և կողմնակալ դրույթները», հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ «Եվրոխորհրդարանի մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրոմիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա»։
Նախարարությունը նշում է, որ «բանաձևում հայ բնակիչների Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ պնդումները անհիմն են, և նման կոչերը համարժեք են Ադրբեջանի ներքին գործերին միջամտության»։
Նաև նշվում է, որ ռազմագերիների արձակման կոչերը «իրավական տեսանկյունից անընդունելի են»։
Հանդիպման ընթացքում եվրոպական կողմին կոչ է արվել ձեռնպահ մնալ նման քայլերից, որոնք վնաս են հասցնում Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում։