Հունիսի 7-ին կայանալիք
խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Եվրոպական խորհրդարանն իր բանաձևով Երևանին
հիշեցրել է բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ստեղծման, ընդդիմության
իրավունքների պահպանման և արտահայտվելու ազատության երաշխավորման կարևորության մասին։
Եվրոպացի պատգամավորները նաև կոչ են արել պայքարել ապատեղեկատվության դեմ, կանխել ընտրակաշառքի
դեպքերը և ուժեղացնել ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այս մասին ասվում
է DW-ի ռուսական ծառայության անդրադարձում։
Առանձնահատուկ ուշադրություն
է դարձվել հիբրիդային սպառնալիքներին, «մասնավորապես՝ Ռուսաստանից բխող», որը, ըստ
պատգամավորների, փորձում է ազդել Հայաստանում ընտրությունների ընթացքի վրա։ «Հայաստանի
ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու մասին» բանաձևն ընդունվել է հինգշաբթի
օրը՝ ապրիլի 30-ին, Ստրասբուրգում։
Ռուսաստանի միջամտությունը կրում է «կառուցվածքային և
երկարաժամկետ բնույթ»
Եվրապատգամավորները
գտնում են, որ Հայաստանում ընտրությունների ընթացքում ժողովրդավարական նորմերի պահպանմանը
պետք է հետևեն «լայնածավալ միջազգային և տեղական դիտորդական առաքելություններ» և կոչ
են անում ՀՀ իշխանություններին «լիարժեք համագործակցել նրանց հետ»։
Բանաձևում նշվում է,
որ հայերի ազատ կամարտահայտման գլխավոր սպառնալիքներից մեկը Ռուսաստանի կողմից օտարերկրյա
տեղեկատվական միջամտությունն ու մանիպուլյացիաներն են, որոնք իրականացվում են կիբերհարձակումների,
անօրինական քաղաքական ֆինանսավորման և օլիգարխիկ ցանցերի միջոցով։ Այս սպառնալիքները
կրում են «կառուցվածքային և երկարաժամկետ բնույթ» և պահանջում են շարունակական ջանքեր՝
ուղղված Հայաստանի «ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը» նաև հետընտրական
շրջանում։
«Յուրահատուկ մարտահրավերը»,
որին հավանաբար կբախվեն Հայաստանի իշխանությունները, կապված է «Հայաստանում ռուսական
զգալի համայնքի առկայության հետ, ներառյալ՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց»,— նշվում
է փաստաթղթում։ Եվրախորհրդարանը կոչ է անում Երևանին «զգոն լինել ցանկացած փորձի նկատմամբ,
որն ուղղված կլինի այս իրավիճակն ընտրություններին միջամտելու նպատակով օգտագործելուն»։
Քանի որ Բրյուսելի և Երևանի հարաբերությունները թևակոխել են «նոր
փուլ, որը բնորոշվում է քաղաքական փոխգործակցության ավելի բարձր մակարդակով և անվտանգության
ոլորտում ընդլայնված համագործակցությամբ», Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ
երկրներին խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ ժողովրդավարական կառավարման,
իրավունքի գերակայության և դատական բարեփոխումների ոլորտներում:
Առանձին կետով եվրապատգամավորները
վերահաստատել են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ
նրանց անվտանգ վերադարձի իրավունքը՝ համապատասխան միջազգային երաշխիքների առկայության
դեպքում։ Նրանք նաև պահանջել են անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանի կողմից
ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին։
ԵՄ-ն հանդես է գալիս Հայաստանի սուվերեն ընտրություն
կատարելու իրավունքի օգտին
ԵՄ-Հայաստան հարաբերությունները
երբեք այնքան սերտ չեն եղել, որքան վերջին երկու տարիներին, փաստել է Պաշտպանության
և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը, ով մասնակցել է բանաձևի
քննարկումներին։ Դրա ապացույցն է նաև հաջորդ շաբաթ Երևանում կայանալիք պատմության մեջ
առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Կուբիլյուսը հիշեցրել է, որ ԵՄ-ի «Դիմակայունության և աճի պլանը
Հայաստանի համար» (2024-2027թթ.) նախատեսում է 270 միլիոն եվրոյի հատկացում բարեփոխումների,
էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածի հզորացման համար։ Իսկ 2026 թվականի սկզբին
Երևանը ստացել է նաև 20 միլիոն եվրոյի օգնության փաթեթ Եվրոպական խաղաղության հիմնադրամի
միջոցով՝ բանակին աջակցելու նպատակով։ Բացի այդ, անցյալ շաբաթ Բրյուսելում որոշում
է կայացվել Հայաստանում ստեղծել ԵՄ քաղաքացիական Գործընկերության առաքելություն
(EUPM Armenia), որի նպատակը անվտանգության հարցերում օգնությունն է։
«Եվրամիությունն աջակցում
է Հայաստանի հնարավորությանը՝ կատարել սեփական ինքնիշխան ընտրությունը ազատ և արդար
ընտրությունների միջոցով։ Մենք աջակցում ենք ժողովրդավարական ինստիտուտներին, քաղաքացիական
հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին, որպեսզի նրանք պայմաններ ստեղծեն քաղաքացիների
ազատ ինքնադրսևորման և իրենց ապագայի համար առանց միջամտության քվեարկելու համար»,—
հայտարարել է եվրահանձնակատարը։
«Հրաշքին հավատալը բավարար չէ, Հայաստանին պետք է օգնել»
Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Միրիամ Լեքսմանը (Եվրոպական
ժողովրդական կուսակցություն, Սլովակիա) համոզված է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները
հասել են շրջադարձային կետի, քանի որ վերջին տարիներին Երևանը «հստակ նախանշել է իր
ուղին դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցություն»: Հենց այդ պատճառով «երկրում
նկատվում է ռուսական ազդեցության աննախադեպ աճ՝ միջնորդների, օլիգարխների և տարբեր
կործանարար ուժերի միջոցով… նպատակ ունենալով խարխլել ժողովրդավարությունը, ինչպես
Ռուսաստանին արդեն հաջողվեց անել Վրաստանում»,— ասել է զեկուցողը։
Ֆրանսիացի եվրապատգամավոր Նատալի Լուազոն այն միտքն է հայտնել,
որ Հայաստանում ժողովրդավարական իշխանության գոյությունը, որն իրականացնում է համարձակ
բարեփոխումներ, «հրաշք» է՝ հաշվի առնելով հարևաններին՝ Իրանը, Ադրբեջանը, Էրդողանի
Թուրքիան և Վրաստանը, որն «ավելի ու ավելի է խրվում կամայականությունների մեջ»։ Նրա
խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է կործանել Հայաստանի ժողովրդավարական վարչակարգը և այդ
նպատակով ընտրություններից շաբաթներ առաջ ուժեղացնում է միջամտությունը։ «Որպեսզի դա
թույլ չտանք, բավարար չէ պարզապես հավատալ հրաշքին։ Մենք պետք է օգնենք հայերին ազատորեն
տնօրինել իրենց ճակատագիրը՝ առանց արտաքին ճնշումների»։
Հույն եվրապատգամավոր Յանիս Մանիատիսն էլ նշել է, որ ԵՄ-ն պետք
է օգնի Երևանին ոչ միայն պայքարել արտաքին ազդեցության դեմ, այլև «հետևի, որ կառավարությունը
չչարաշահի իր դիրքը»։ Նա հայտնել է, որ վերջին ամիսներին Հայաստանում նկատվել են մտահոգիչ
միտումներ՝ «ընդդիմադիր բլոգերների բանտարկում և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների
նկատմամբ հետապնդումներ»։
Նա նաև հիշեցրել է Լեռնային Ղարաբաղից հազարավոր փախստականների
ողբերգության մասին։ «Մեր պարտքն է ապահովել վերադարձի իրավունքը նրանց համար, ովքեր
ցանկանում են դա, և Ադրբեջանից պահանջել պաշտպանել մշակութային ժառանգությունն ու ազատ
արձակել վերջին պատանդներին»։