Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում մեկական թափուր պաշտոն է առաջացել՝ հայտնում է ԿԸՀ-ն:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. մայիսի 5-ից մինչև մայիսի 8-ը՝ ժամը 18.00-ն:
«Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել ԿԸՀ կայքից կամ ստանալ ԿԸՀ վարչական շենքից:
ԿԸՀ-ն հաղորդագրությամբ ներկայացրել է նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով։
Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։