Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի շենքերից մեկում կրակ և ծուխ են նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բազմահարկ շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ փրկարարների հետ պարեկները տարհանել են մոտ 20 քաղաքացու, որոնցից 4-ին տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Պարեկները 2 տարեկան 2 երեխաների իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։
Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը։ Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել են 2 սենյակները, ինչպես նաև 7-րդ հարկի պատուհանների շրջանակները։
Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել են շենքի տակ կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում