Իսրայելական Kan լրատվամիջոցի լրագրող Նաթան Գուտմանը X սոցիալական ցանցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հետ ունեցած կարճ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Իրանի նոր առաջարկն իր համար անընդունելի է։
«Նախագահ Թրամփը կարճ հեռախոսազրույցի ընթացքում ինձ ասաց, որ իրանական նոր առաջարկն անընդունելի է։ «Ինձ համար դա անընդունելի է։ Ես այն ուսումնասիրել եմ, ես ամեն ինչ ուսումնասիրել եմ․ դա անընդունելի է», – պատմել է լրագրողը։
Այսօր հայտնի դարձավ, որ Իրանը ԱՄՆ-ին փոխանցել է հրադադարի վերաբերյալ 14 կետից բաղկացած առաջարկ։
ԱՄՆ նախագահը հաստատել է առաջարկը ստանալու մասին տեղեկությունը, միաժամանակ կասկած հայտնելով, որ կընդունի այն։
Գուտմանը նաև հայտնել է, որ Թրամփը հերթական անգամ պնդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներում շնորհելու անհրաժեշտությունը։
«Ասեք ձեր նախագահին, որ նա ների Բիբիին։ Նա պատերազմի ժամանակ վարչապետ էր։ Նրանք Իսրայել չէին ունենա, եթե չլինեինք ես և Բիբին՝ հենց այդ հերթականությամբ։ Դուք ցանկանո՞ւմ եք ունենալ վարչապետ, որը կարող է կենտրոնանալ պատերազմի վրա, այլ ոչ թե հիմարությունների», – նշել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս արտահայտվել է Նեթանյահուին ներում շնորհելու օգտին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։