Վերջին տարիներին եթե եվրոպական համայնքը մեկ մեծ դաս է քաղել՝ խոցելի ենք, երբ ունենք չափազանց շատ կախվածություն․ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Ցավալի գործընթաց էր այդ կախվածությունների մասին իմանալը։ Առաջինը՝ ներմուծված հանքահումքային վառելիքից։ ԵՄ ներքին շուկայի պարագայում արգելակող գործոն է եղել և այսօր Մերձավոր Արևելքի հակամարտության պայմաններում դա մեզ համար դարձել է փակուղային խնդիր։ Համաշխարհային էներգակիրների գների տատանվողականությունը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը։ Բայց մենք ունենք նաև ակտիվներ՝ ԵՄ ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի՝ վերականգնվող էներգետիկայի տեսքով։ Պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի ու ամուր կապենք ներքին արտադրության ավելի էժան ու կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ»,–ասել է նա՝ հավելելով, որ պետք է «էլեկտրականացնել ԵՄ-ն», որպեսզի ապահովվի դրա անկախությունը։
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ երկրորդ մարտահրավերն անվտանգությունն է և պաշտպանությունը։ «Վերջին 4 տարիներին եթե մեկ նոր բան գիտակցեցինք, դա այն է, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Հենց այս պատճառով էլ 800 մլրդ եվրո ենք հավաքագրելու մինչև 2030 թվականը՝ այս ոլորտներում մեր բացերը լրացնելու համար, որ ավելի անկախ լինենք այս ուղղությամբ և կարողանանք կանխարգելման համակարգեր ունենալ»,-ասել է եվրոպացի պաշտոնյան։
Նա նշել է, որ խոսելով Եվրոպայի անկախության մասին՝ նկատի չունի դեպի ներս հայացքը։
«Հակառակը՝ դեպի դուրս, աշխատանք համախոհ գործընկերների հետ և այստեղ էլ խորհրդանշական հանգամանք կա, քանի որ մեզ պետք են կայուն, հուսալի մատակարարման շղթաներ։ Դրանք մեզ պետք են գործընկերներից, ուստի դուք ականատես եք եղել, թե ինչպես ենք մենք ինտենսիվացրել ազատ առևտրի համաձայնագրերի ցանցը Լատինական Ամերիկայից մինչև Հնդկաստան։