Երևանում քննարկվում է Հվ. Կովկասը Վրաստանով Եվրոպայի հետ կապելու հարցը. Կոբախիձե

Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է Վրաստանի միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանի և Եվրոպայի կապերի հարցերը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ միջոցառման շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Մենք ապահովում ենք 7 երկրների կապը Սև ծովի և Արևմուտքի հետ։ Այս թեման արծարծվելու է քննարկումների և կլոր սեղանների ընթացքում, քանի որ Վրաստանը, որպես Եվրոպայի համար տարանցիկ օղակ, կարևոր դեր է խաղում»,- նշել է նա։

Կոբախիձեն մասնակցել է «Կապակցման ամրապնդումը և տնտեսական անվտանգությունը» կլոր սեղանին, որի ընթացքում կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ինտեգրման ապահովման հարցում Վրաստանի դերը, ինչպես նաև ներկայացրել է իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը։

Դրանց թվում Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղին է, արագընթաց ավտոմայրուղիների զարգացումը և խորաջուր Անակլիա նավահանգստի նախագիծը։ Վարչապետը նաև կարևորել է տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացումը՝ առանձնացնելով Հարավային գազային միջանցքի և Սև ծովի հատակով ստորջրյա մալուխի նախագծերը:

Նրա խոսքով՝ կապակցման զարգացումը մնում է երկարաժամկետ կայունության առանցքային պայման, և Վրաստանը պատրաստ է միջազգային գործընկերների հետ հետագա համագործակցության:

Գագաթնաժողովի շրջանակներում Կոբախիձեն նաև կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *