«Մայկա-տռուսիկից» մինչև 133 միլիոն. ինչպես է «Եվրոասֆալտը» «փոշիացնում» ՊՆ բյուջեն

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրությունն է ուղարկել «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ին՝ տեղեկացնելով ընկերության հետ կնքված (14․11․2025 թ․), խոշոր պայմանագրի միակողմանի լուծման մասին:

Հիշեցնենք, որ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն երկար ժամանակ գտնվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի տնօրինության ներքո։ Չնայած նա հետագայում պաշտոնապես հեռացել է տնօրենի պաշտոնից, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընկերության տնօրենի փոփոխությունը կարող է լինել ձևական։

Պայմանագրով ընկերությունը պարտավորվել էր աշխատանքներն ամբողջ ծավալով ավարտել մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը։ Սակայն ՀՀ ՊՆ-ի 2026 թվականի ապրիլի 30-ի պաշտոնական ծանուցումից պարզ է դառնում, որ պարտավորությունների կատարումը եղել է մասնակի և թերի, ինչը հանգեցրել է պայմանագրի միակողմանի լուծման ու ֆինանսական տույժերի և տուգանքների կիրառման։

ՊՆ ծանուցման համաձայն՝ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է կատարել շուրջ 153,6 միլիոն դրամի աշխատանքներ, սակայն մինչև սահմանված ժամկետը փաստացի իրականացրել է միայն մոտ 20,4 միլիոն դրամի աշխատանք։ Այսինքն՝ կատարման ծավալը կազմել է նախատեսվածի մոտ մեկ յոթերորդը։

Ըստ ծանուցման՝ խոսքը գնում է ոչ միայն հարյուր հազարների տուգանքների մասին, այլ նաև՝ տասնյակ միլիոնների ապահովագրական գումարների, որոնք պետք է փոխանցվեն պետական գանձապետական հաշիվներին։ Միաժամանակ նախազգուշացվում է՝ պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը կարող է ընդգրկվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում, այսպես ասած՝ «սև ցուցակում»։

Այս պատմության քաղաքական հնչեղությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսական չափերով, այլ նաև այն հանգամանքով, որ ընկերությունը հանրային քննարկումներում կապվում է իշխանական շրջանակների հետ։ Հենց այստեղ էլ ողջամիտ հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս է ձևավորվել նման ծավալի պայմանագիր, ինչու՞ է կատարման ցուցանիշը այդքան ցածր, և արդյոք վերահսկողական մեխանիզմները գործել են արդյունավետ։

Նշենք, որ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն ներկայումս ներգրավված է բազմաթիվ դատական վեճերում: Ընկերության վերաբերյալ նախկինում շրջանառվել են տեղեկություններ հնարավոր ֆինանսական դժվարությունների և նույնիսկ սնանկության գործընթացի վերաբերյալ:

Ընկերությունը, որը տարիների ընթացքում պետական պատվերների շրջանակում ներգրավված է եղել զգալի ծավալի աշխատանքներում (որոշ տվյալներով՝ ընդհանուր պայմանագրերի ծավալը հասել է շուրջ 133.8 միլիարդ դրամի), հետագայում փաստացի չի ապահովել ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը։ Բոլորովին զարմանալի չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամներ այս դեպքի վերաբերյալ հրապարակային աղմուկ չեն բարձրացնում։

Սակայն առավել ուշագրավ է պատգամավոր Վահագն Ալեքսանյանի լռությունը, հատկապես հաշվի առնելով նրա նախկին ելույթները, որտեղ նա քննադատում էր նախկին իշխանություններին՝ բանակի մատակարարման խնդիրների վերաբերյալ՝ նշելով, որ իր ծառայության տարիներին, երբ Սեյրան Օհանյանը նախարար էր, բանակն իրեն չի ապահովել տարրական հագուստով՝ մասնավորապես «մայկա-տռուսիկով»։

Այս դեպքը սովորական կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման ցայտուն օրինակ է, որը պետական բյուջեին և ՊՆ-ին հասցրել է միլիոնավոր դրամների վնաս:

Այսպիսով, ՊՆ-ի կողմից «Եվրոասֆալտ»-ին ներկայացվել են ֆինանսական պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն մինչև 2026 թվականի մայիսի 8-ը, հակառակ դեպքում այն կարող է զրկվել պետական գնումներին մասնակցելու իրավունքից։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *