Ռուսական զլմ-ները հաղորդում են, որ մայիսի 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի 18 տարբեր տարածաշրջանների վրա։
Թիրախում է հայտնվել նաև Չեբոքսարի քաղաքը (Չուվաշիա), որտեղ հարված է հասցվել «ՎՆԻԻՌ-Պրոգրես» պաշտպանական ձեռնարկությանը. վերջինս նավիգացիոն մոդուլներ է արտադրում հրթիռների և ԱԹՍ-ների համար։
Հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ, վնասվել է հարակից առևտրի կենտրոնը, իսկ տարածաշրջանի կրթական հաստատությունները անցել են հեռավար ուսուցման։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերվա ընթացքում 289 անօդաչու սարք խոցելու մասին։ Հատկանշական է, որ հրթիռային վտանգի ռեժիմ է հայտարարվել նաև Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում, որը գտնվում է ուկրաինական սահմանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա։