Հանտավիրուսի բռնկում՝ զբոսանավի վրա․ ԱՀԿ-ն չի բացառում վիրուսի՝ մարդուց մարդու փոխանցման վարկածը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի հայտարարել է, որ MV Hondius զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկման ժամանակ, որի հետևանքով մահացել է 3 մարդ, իսկ մի քանիսը՝ հիվանդացել, հնարավոր է՝ տեղի է ունեցել վարակի՝ մարդուց մարդու փոխանցման դեպք․ հայտնում է CNN-ը։

«Մեզ հայտնի է, որ հիվանդներից մի քանիսը շատ սերտ շփում են ունեցել միմյանց հետ, և, անշուշտ, մարդուց մարդու փոխանցումը չի կարելի բացառել», – լրագրողներին ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Վան Կերհովեն։

Արգենտինայից Կաբո Վերդե ուղևորվող MV Hondius զբոսանավի վրա կասկածվում է հանտավիրուսի՝ կրծողների կողմից տարածվող հազվագյուտ հիվանդության բռնկում։ Ավելի վաղ ԱՀԿ-ն BBC-ին հայտնել էր, որ նավի վրա լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է հիվանդության մեկ դեպք, կասկածվում է ևս 5-ը, մասնագետները շարունակում են  ուսումնասիրությունը։

Oceanwide զբոսանավային ընկերությանը պատկանող MV Hondius-ը նավարկության է դուրս եկել մարտի 20-ին և շրջագայությունը պետք է ավարտեր մայիսի 4-ին։ Նավի վրա կա մոտավորապես 150 ուղևոր։

Նավն այժմ խարիսխ է գցել Կաբո Վերդեի մայրաքաղաք Պրայայի նավահանգստի մոտ։

Հանտավիրուսը վիրուսի տեսակ է, որը մարդկանց փոխանցվում է հիմնականում կրծողների չորացած կղանքում հայտնաբերված մասնիկները շնչելով։ Մարդիկ հանտավիրուսներով կարող են վարակվել՝ գտնվելով կոնտակտի մեջ կրծողի մեզի, թքի կամ կղանքի հետ։ Որոշ շտամներ հարուցում են պոտենցիալ մահացու հիվանդություններ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *