
«Այբ-Արարատ» մշակութային նախաձեռնության հիմնադիր Մեսրոպ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորեն Լևոնյանի նման տաղանդավոր արվեստագետին «Հանրային հեռուստաընկերություն»-ից հեռացնելը, իմ գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան մշակութային և կառավարչական ձախողում։ Եթե մարդը բարձրաձայնել է բովանդակության որակի, խոսքի արժանապատվության և ազգային-մշակութային արժեքների պահպանման հարց, ապա նրան պետք էր ոչ թե հեռացնել, այլ լսել։ Հանրայինը պետք է կարողանա տարբերել սկզբունքային դիրքորոշումը անհնազանդությունից, իսկ արժեքի պաշտպանությունը՝ խնդիր ստեղծելուց։
Խորեն Լևոնյանը պարզապես հաղորդավար չէ։ Նա տաղանդավոր դերասան է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ով իր արվեստով մարմնավորել է հայ ժողովրդի համար կարևոր և պատմական կերպարներ։ «Գարեգին Նժդեհ» ֆիլմում նա կերտել է Պողոս Տեր-Դավթյանի՝ Քաջ Պողոսի կերպարը՝ ներկայացնելով 1918–1921 թթ. Սյունիքի ազատագրական պայքարի հերոսական ոգին։ «Մի՛ վախեցիր» ֆիլմում նա մարմնավորել է Արցախյան առաջին ազատամարտի տարիների հայորդու կերպարը՝ հիշեցնելով 1991–1994 թթ. մեր համազգային կամքի և հաղթանակի մասին։ Իսկ «Վերջին Սպարապետը» ֆիլմում Վազգեն Սարգսյանի կերպարը նրա կատարմամբ պարզապես դերասանական խաղ չէր, այլ խոր ապրում, որով Սպարապետի կերպարը ավելի կենդանի և հասանելի է դառնում գալիք սերունդներին։
Հետևաբար, նման արվեստագետին հեռացնելը ոչ թե Խորենի պարտությունն է, այլ այն համակարգի թերացումը, որը չկարողացավ գնահատել տաղանդը, փորձը և ազգային արժեք կրող մարդու խոսքը։
Հ.Գ
Ոչ միայն դեռահասներն ու երիտասարդները, այլև շատերը Խորեն Լևոնյանի մարմնավորած կերպարների շնորհիվ են ծանոթացել հայոց պատմության տվյալ ժամանակագրական շրջանի կարևոր դրվագներին։ Երբ արվեստագետը կարողանում է էկրանի միջոցով պատմական հիշողությունը դարձնել կենդանի, հասանելի և ազդեցիկ, նրա դերը պարզապես դերասանական չէ․ այն նաև կրթական, մշակութային և ազգային նշանակություն ունի»։