Երևանի պետական համալսարանի տնօրինությունը նոր անակնկալ է մատուցել։ Նա ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի գործավարի թափուր պաշտոնի հայտարարություն է հրապարակել։ Եվ պահանջվող որակավորումների շարքում ընդգծել «գաղտնիության պահպանման կարողությունը»։
Հետաքրքիր է՝ ի՞նչ գաղտնիք է փորձում թաքցնել Մայր բուհը, որն իր պահանջների մեջ ներառել է «գաղտնիության պահպանման կարողություն» կետը։ Այսինքն՝ աշխատանքի հավակնորդ գործավարուհին ոչ ավելի, ոչ պակաս պետք է գաղտնապա՞հ լինի։ Սա՞ է թելադրում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի տնօրինած կառույցը։
Հետաքրքիր է՝ ինչի՞ ականատեսը պետք է դառնա գործավարուհին, որ գաղտնի պահի։
Գուցե կաշառքի՞, կեղծված փաստաթղթերի՞, կասկածելի նվիրատվությունների՞, կամ գուցե բարոյական առումով կասկածելի դրսևորումների՞։
Համամաձայնեք, որ ինքնին նման ընդհանրացված ձևակերպումը լրջագույն հարցեր է առաջացնում ու տալիս ոչ անհիմն կասկածերի տեղիք: Կարծում ենք՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, ինչպես նաև հանրային նշանակության հաստատությունների աշխատանքի թափանցիկության ու հաշվետվողականության ջատագովները պետք է պատասխանեն սույն հարցին։
Չէ՞ որ մեր երկրում կրթության ոլորտի քաղաքականություն մշակողն ու իրականացնողը նախարարությունն է, իսկ ԵՊՀ-ն Հայաստանի թիվ մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որ հանդիսանում է ոլորտի յուրատեսակ հայելին։
