«Հիշողության պուրակ» ակցիան արդեն բարի ավանդույթ է դարձել այստեղ՝ Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում։ 27 միլիոն ծառ՝ որպես խորհրդանիշ նրանց հիշատակի, ովքեր Խորհրդային Միությունում իրենց կյանքն են տվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Մայիսի 6-ին տեղի ունեցած ծառատունկի արարողության ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Մայրաքաղաքի Հաղթանակի զբոսայգու տարածքում գտնվող «Հիշողության պուրակում» տնկվել է 40 կեչի։ Երևանի քաղաքապետարանի և «ՌՈՍԱՏՈՄ»-ի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, դպրոցականներ, Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի աշակերտների պատվիրակությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը։ Միջոցառման հյուրերին իր կատարումներով ուրախացրել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի մեներգիչ, ռազմահայրենասիրական երգերի կատարող Արթուր Աղաջանովը։
«Շատ կարևոր է, որ մենք պահպանում ենք այս հիշողությունը և այս էստաֆետը փոխանցում երիտասարդ սերունդներին: Շատ հաճելի է այստեղ տեսնել բազմաթիվ երիտասարդ դեմքեր: Հիշողության պահպանումը, մեր նախապապերի ու պապերի գործած այն մեծ սխրագործության մասին հիշողության պահպանումը կարևորագույն տարրերից մեկն է, որը միավորում է մեր երկրներն ու մեր ժողովուրդներին: Եվ մենք պետք է պահպանենք այդ հիշողությունը:
Դա մեր բարոյական, հոգևոր պարտքն է: Եվ դա շատ կարևոր է հատկապես այսօր, երբ տեսնում ենք պատմությունը վերագրելու, խորհրդային ժողովրդի սխրագործությունը մոռացության մատնելու և նացիզմի դերը վերաիմաստավորելու շատ ակտիվ փորձեր: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս տարի մենք նշում ենք Նյուրնբերգյան միջազգային տրիբունալի աշխատանքների ավարտի 80-ամյակը: Եվ նրա որոշումները, նրա դատավճիռները ունեն մնայուն նշանակություն: Այսօրվա համար և ապագայի համար մենք դա բոլորս պետք է հիշենք և պահպանենք:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, միանալ այն երախտագիտության խոսքերին, որոնք արտահայտվեցին մեր սիրելի վետերաններին, մաղթել ձեզ առողջություն, ոգու ամրություն, ջերմություն և շրջապատի հոգատարություն: Մենք իսկապես խորապես երախտապարտ ենք ձեզ այն բանի համար, որ դուք կաք, այն ամենի համար, ինչ դուք արել եք, և այն բանի համար, որ դուք այն փառահեղ տարիների ու իրադարձությունների կենդանի վկայությունն եք, որոնք մենք այսօր, և ոչ միայն այսօր, հիշում ենք»:
«Ի դեպ, այսօր մեր ռուսական 21-րդ դպրոցում նույնպես անցկացվեց նմանատիպ միջոցառում՝ «Հիշողության կրակ» ակցիան, որն իրականացվեց Ռուսաստանի «Ժողովրդական ճակատի» ուժերով՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։ Մայիսի 9-ին մենք անցկացնելու ենք, և կարծում եմ՝ մեզնից շատերը կմասնակցեն «Անմահ գունդ» երթին։ Այնպես որ, ցանկանում եմ հրավիրել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են դրան, մասնակցել երթին։ Դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ մենք պահպանում ենք Մեծ Հաղթանակի հիշատակը։ Դա մեր բարոյական պարտքն է։ Ուզում եմ բոլորին շնորհավորել գալիք Հաղթանակի տոնի առթիվ, մաղթել ամենայն բարիք, խաղաղություն, բարօրություն և ամենալավը»,- հայտարարել է դեսպանը:
«Հիշողության պուրակ» միջազգային ակցիան անցկացվում է 2020 թվականից։ Արշավի գլխավոր նպատակն է ամեն տարի տնկել 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի զոհերի։ Արշավի վեց տարիների ընթացքում աշխարհի 83 երկրից միլիոնավոր կամավորներ մասնակցել են հուշապուրակների հիմնմանը՝ համատեղ տնկելով ավելի քան 160 միլիոն ծառ։